Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնվել է 1925թ. մարտին, սկզբնապես որպես Երևանի կոնսերվատորիայի նվագախումբ: Նրա հիմնադիրներն էին Երևանի կոնսերվատորիայի տնօրեն Արշակ Ադամյանը՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Այդ նվագախումբը հիմք է հանդիսացել Հայաստանում գործող բոլոր սիմֆոնիկ կոլեկտիվների համար:
Ներկայումս ՀԱՖՆ-ը հանդիսանում է Հայաստանում ազգային պրոֆեսիոնալ նվագախմբային երաժշտության կենտրոն: 2000-ից ՀԱՖՆ-ը գլխավորում է մաեստրո Էդուարդ Թոփչյանը: Նրա ղեկավարությամբ նվագախումբը նպաստում է լսարանի մշակութային և երաժշտական մտածողության զարգացմանը, մշտապես հանդես է գալիս սիմֆոնիկ և օպերային երաժշտության ծրագրերով՝ պրոպագանդելով դասական և ժամանակակից նվագացանկը, ինչպես և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ծրագրերը գրավիչ են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ընդգրկումով:
Մշտական հյուրախաղերի շնորհիվ ՀԱՖՆ-ը դարձել է հայ երաժշտության դեսպանը միջազգային ասպարեզում:
ՀԱՖՆ-ի ծրագրերում առանձնահատուկ տեղ ունեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի և բազմաթիվ այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ: