Դ. Շոստակովիչ: Սիմֆոնիա թիվ 10, մի մինոր, երկ 93 (1953թ.)
Առաջին կատարումը` 1953, Լենինգրադ, դիրիժոր` Եվգենի Մրավինսկի:
20-րդ դարի խոշորագույն սիմֆոնիստ Շոստակովիչն իր սիմֆոնիաները դիտում էր որպես կյանքի հարուստ իրարամերժ երևույթները մարմնավորելու ասպարեզ: Թիվ 7 և թիվ 8 («պատերազմական») սիմֆոնիաներին հաջորդեց թիվ 9, որտեղ զարմանալի հարևանությամբ գոյակցեցին քնարականությունը և գրոտեսկը: Իսկ թիվ 10 սիմֆոնիայում արտաքին կյանքի երևույթները ներկայանում են մեծ արվեստագետի փիլիսոփայական մտորումների տեսանկյունից:
1-ին և 4-րդ մասերի քնարական կերպարները, 2-րդ մասի «պայթուցիկ» սկերցոն, 3-րդ մասի փիլիսոփայական կերպարները կազմում են մեկ ամբողջականություն` ինտոնացիոն սերտ կապերով:
Կոմպոզիտորի խոսքերով. «Այստեղ ավելի շատ են դանդաղ տեմպերը, քնարական պահերը, քան հերոսական — դրամատիկական և ողբերգական կերպարները»: Այս սիմֆոնիան կարևոր տող զբաղեցրեց ոչ միայն Շոստակովիչի ստեղծագործության, այլև համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության պատմության մեջ: