Ծնվել է 1999-ին Երևանում`երաժիշտների ընտանիքում: Կրթությունը ստացել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ում (2007-2014, 2014-2017 պրոֆ. Ալեքսանդր Կոսեմյան, պրոֆ. Արտաշես Մկրտչյան) և Գերմանիայում՝ Hochschule für Musik Detmold-ում (2017-2022, պրոֆ. Մարիա-Էլիզաբեթ Լոթ): Սոֆյան մասնակցել է Իոսիֆ Ռիսսինի, Դայշին Կաշիմոտոյի, Քիմ Քաշքաշյանի, Պավել Վերնիկովի, Բորիս Բրովցինի, Ակիկո Սուվանայի, Անի և Իդա Կավաֆյանների, Ֆրանկ Պետեր Ցիմերմանի վարպետության դասընթացներին:
Վաղ հասակից Սոֆյան հանդես է եկել ամենամյա մենահամերգներով, մասնակցել է «Նոր անուններ» ծրագրի 2-րդ միջազգային փառատոնին (2012թ.): Որպես մենակատար հանդես է եկել ՀԱՖՆ-ի և Հայաստանի կամերային նվագախմբի հետ: ՀԱՖՆ-ի ընկերակցությամբ 2016-ին մասնակցել է նաև Բախի կրկնակի կոնցերտի կատարմանը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան)` նվիրված Եվրոպայի օրվան:
2015-ից Սոֆյան Երևանի միջազգային երաժշտական փառատոնի կամերային ծրագրերի մասնակից է (ներկայացված գործերի թվում՝ Բրամսի թիվ 1 Սեքստետը, Շոստակովիչի Դաշնամուրային կվինտետը, Դվորժակի Լարային տրիոն, Չաուշյանի թիվ 6 Լարային կվարտետը և այլ գործեր): Այս ելույթների ժամանակ Սոֆյան համագործակցել է Իդա Կավաֆյանի, Լևոն Չիլինկիրյանի, Բորիս Բրովցինի, Բորիս Անդրանովի, Դիմուտ Պոպպենի և այլ հայտնի երաժիշտների հետ:
Գերմանիայում Սոֆյան մասնակցել է Moritzburg Music Festival-ին, Բադ Դրիբուրգի “Wege durch das Land” փառատոնին և Marienmünster Kammermusik Woche-ին, որի ընթացքում Սոֆյայի մասնակցությամբ ներկայացվել են Տակեմիցուի “Between Tides” տրիոն և Միկլոշ Ռոժեի՝ Երկու ջութակի սոնատը, որի համար Սոֆյան արժանացել է Moritzburg Festival Academy Prize-ին:
Հիշարժան է Սոֆյայի մենանվագային ելույթը ՀԱՖՆ-ի ընկերակցությամբ (2018, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան):
Հնչեցին Ռավելի «Գնչուհին» և Է.Միրզոյանի «Ինտրոդուկցիա և անընդհատ շարժումը»: 2019-ին Ս.Վարդանյանը մասնակցել է Kronberg Academy-ի վարպետության դասընթացներին՝ Պավել Վերնիկովի ղեկավարությամբ, իսկ 2019-2022-ին Բերգամոյի Academia Musicale Santa Cecilia-ի վարպետության դասընթացներին (պրոֆ.Պ.Վերնիկով, Ս.Մակարովա, Ի.Վոլոշին): 2022-ի ապրիլին Սոֆյան Դետմոլդի կոնսերվատորիայում իր ուսումը շարունակել է Կամերային երաժշտության բաժնում` AURYN Quartet-ի ղեկավարությամբ:
2022թ.սեպտեմբերից Սոֆյա Վարդանյանը՝ ERASMUS ծրագրի շրջանակներում ուսումը շարունակելու է Վիեննայի Musik und Kunst Privatuniversität-ում (MUK)՝ պրոֆեսորներ Պավել Վերնիկովի և Բորիս Բրովցինի ղեկավարությամբ: