«Հովեր» պետական կամերային երգչախումբը բաց է կամերային խմբերգային ժանրի բոլոր դրսևորումների համար: Երգչախումբը հանդես է եկել խմբերգային ներկայացումներով, մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային, կամերային ժանրերի ավանդական և փորձարարական նախագծերով: Համագործակցում է ՀՊՖՆ-ի, ԵԿՊՆ-ի և «Մենկատարների անսամբլի», ինչպես նաև «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ: «Հովեր» երգչախումբը հանդիսանում է հայ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործությունների նախաձեռնողն ու առաջին կատարողը (Վ.
Շարաֆյան, Ա. Ավանեսով, Ա. Ազիզյան. Ս. Երկանյան, Ե. Երկանյան, Ս. Բաբաթորոսյան): Ունի 8 ձայնասկավառակ: Մասնակցել է գեղ. ֆիլմերի երաժշտական աշխատանքներին («Նամուս», «Արարատ», «Արտույտների ագարակ» և այլն):
Երգչախումբը համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Լեհաստանում:Մասնակցել է մի շարք մրցույթ-փառատոների: Հանդես է եկել «Տեատրո դալ Վերմե», «Սիտե դե լա Մյուզիք» հեղինակավոր դահլիճներում: Ս. Գուբայդուլինայի, Ռ. Շչեդրինի, Ք. Պենդերեցկու, Գ. Կանչելիի և ժամանակակից մեծանուն մի շարք այլ կոմպոզիտորների գործերի «Հովերի» կատարումները արժանացել են բարձր գնահատականի: «Հովեր» երգչախումբը հանդես է եկել արևմտաեվրոպական մի շարք մեծանուն երաժիշտների հետ (Գ. Կրեմեր, Ա. Մուստոնեն, Ռ. Շերվինիկաս, Դ. Գերինգաս, Ջ, Նելսոն, Մ. Կլաուզա):
2011-ից «Հովերը» ակտիվորեն աշխատում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում: «Հովեր» կամերային երգչախումբը պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: 2017-ին
երգչախումբը տոնել է իր 25-ամյա հոբելյանը:
«Հովեր» երգչախումբը հիմնել և ղեկավարում է Երևանի կոնսերվատորիայի ռեկտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր
գործիչ Սոնա Հովհաննիսյանը: