Համերգային գրախոսական — Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը/Էդուարդ Թոփչյանը/Սերգեյ Խաչատրյանը Konzerthaus-ում, Բեռլին, նոյեմբերի 28, 2018
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հաղթական ելույթ ունեցավ համերգում, որին ներկա էին Գերմանիայում Հայաստանի դեսպանը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը: Համերգը նվիրված էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին: Երեկոյի բոլոր տոմսերը սպառված էին:
Բեռլինի Konzerthaus-ի լեփ-լեցուն դահլիճում կայացավ նվագախմբի բեռլինյան դեբյուտը՝ հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնկացությամբ: Նվագախմբի վաղուց նախատեսված ելույթը գերազանցեց բոլոր սպասելիքները:
Համերգն սկսվեց ոճական հարազատ մեկնաբանությամբ ներկայացված՝ «Սպարտակ» բալետի սյուիտով: Նվագախումբը, ցուցաբերելով կատարողական մեծ ճկունություն՝ անմիջականորեն արձագանքում էր Թոփչյանի ձեռքի յուրաքանչյուր շարժմանը:
Արամ Խաչատրյանի՝ Եվրոպայում ոչ այնքան հաճախ հնչող Ջութակի կոնցերտը Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչեց վիրտուոզային փայլով: Իր մեկնաբանության էներգետիկայով ջութակահարն ասես կախարդել էր նվագախմբին և հանդիսականին՝ նոր շունչ հաղորդելով հանճարեղ կոմպոզիտորի խորապես հայկական գունեղ մեղեդիներին:
Կոնցերտի հստակորեն ուրվագծված առաջին մասին հաջորդեց Andante sostenuto-ն իր հուզական հոգեպարար մեղեդայնությամբ և ապա վիրտուոզային փայլով հագեցած ֆինալը՝ Սերգեյ Խաչատրյանի ներշնչված վարպետ կատարումով: Չմոռանանք հավելել նաև առաջին մասի իմպրովիզացիոն շնչով կատարած բացառիկ կադենցիան:
Համերգի երկրորդ բաժնում նվագախմբի տպավորիչ և խորապես համոզիչ կատարմամբ հանդիսատեսին ներկայացվեց Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիան: Թոփչյանի ձեռքերի հստակ և նպատակային շարժումների ներքո Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վերհանեց ստալինյան Ռուսաստանի բարդ և դաժան մթնոլորտը: Դիրիժորական փայտիկի առաջին իսկ շարժումից լարայինների վճռական և միաժամանակ էլեգիական հնչողությամբ վերհանվեց սիմֆոնիայի առաջին մասի ողբերգական բովանդակությունը:
Ղեկավարման 18 տարիների ընթաքցքում Թոփչյանը մշակել է իր նագախմբի կատարողական ուրույն ոճը, որը թույլ է տալիս իրականացնել դիրիժորի մեկնաբանության նրբերանգները: Իրենց փալյուն կատարումով առանձնացավ նաև փայտյափողայինների խումբը:
Գրեթե մալերյան կերպար կերտեց դիրիժորը սիմֆոնիայի 2-րդ մասում՝ սկերցոյում:Լենդլեր հիշեցնող հատվածներում Թոփչյանը նոր թարմ խթաններ էր փոխանցում գալարափողահարներին: Նվագախմբի կոնցերտմայստերի «քմահաճ և հեգնական» մենանվագը լարայինների պիցիկատոների ընկերակցությամբ ընդգծեց այս մասի երգիծական շունչը:
Փիլիսոփայական մտորումներով է հարուստ սիմֆոնիայի 3-րդ մասը՝ Largo-ն: Այստեղ կրկին իրենց լավագույնս դրսևորեցին փայտյափողայինները: Հատկապես առանձնացավ ֆլեյտայի և հոբոյի խորաթափանց մենանվագը: Թոփչյանի մեկնաբանությամբ այս մասը ավելի նման էր մտորման, քան ողբի: Հասնելով ֆլեյտայի մենանվագին լարայինների տրեմոլանդոյի ուղեկցությամբ, Թոփչյանն ստեղծեց մենության և ամայության հնչունային պատկեր:
Դիրիժորի ճիշտ ընտրած տեմպի շնորհիվ քայլերգատիպ ֆինալը առաջացրեց պոռթկուն կերպարների ամբողջ մի ալիք: Նվագախումբը կրկին իրեն դրսևորեց որպես բազմակողմանի գեղարվեստական խնդիրներ լուծելու ունակ կոլեկտիվ: Անհրաժեշտ է առանձնացնել պղնձյափողայինների խումբը, հատկապես՝ տրոմբոնահարներին, ովքեր փայլուն կատարեցին իրենց առաջատար թեման:
Հանրագումարում նվագախումբը և դիրիժորը հանդիսականին փոխանցեցին 5-րդ սիմֆոնիայում պարփակված՝ ժամանակի քաղաքական և հասարակական կյանքի ողբերգականության, հուսալքման և պայքարի գաղափարները:
Անկասկած, Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը սևեռուն ուշադրության արժանի կոլեկտիվ է:
Կասանդրա Բըրթ