Երևանյան միջազգային երաժշտական փառատոն
Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը հիմնվել է 2007-ին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ: Նրա գեղարվեստական ղեկավարներն են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա): Փառատոնն ավանդաբար անց է կացվում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արամ Խաչատրյան համերգասրահում: Այն իրականացվում Է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Փառատոնի ծրագրերն ընդգրկում են սիմֆոնիկ և կամերային համերգներ և մենահամերգներ: Փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ մենակատարներ, անսամբլներ և դիրիժորներ: Մենակատարներն անց են կացնում վարպետության դասընթացներ: Ամենամյա փառատոների ծրագրերն ընդգրկում են հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների գործերը, որոնց թվում հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ: Ծրագրերում առանձնակի տեղ են գրավում օպերաների բեմականացումները, նշանավոր տարեթվերին և հոբելյաններին նվիրված համերգները:
Փառատոնին մասնակցել են այնպիսի անվանի արտիստներ, ինչպիսիք են Իզաբել Ֆաուստը, Յուլիա Ֆիշերը, Բորիս Բելկինը, Վադիմ Ռեպինը, Սերգեյ Կրիլովը, Դայշին Կաշիմոտոն, Եվգենի Սուդբինը, Բորիս Բերեզովսկին, Բարրի Դուգլասը, Կիրիլ Գերշտեյնը, Կոնստանտին Լիֆշիցը, Վենցել Ֆուքսը, Ալեսանդրո Կարբոնարեն, Էմանուել Պայուն, Պոլ Մեյերը, Նատալիա Գուտմանը, Մարիո Բրունելլոն, Սթիվեն Իսերլիսը, Քիմ Քաշքաշյանը, Դիմուտ Պոպպենը, Քրիստոֆեր Ուորեն-Գրինը, Վասիլի Սինայսկին, Կիրիլ Կարաբիցը և տասնյակ այլ մենակատարներ:
Երևանյան միջազգային երաժշտական փառատոնն նշանակալի տեղ է զբաղեցնում Հայաստանի երաժշտական կյանքում: