Առաջին կատարումը` 1830, Վարշավա, մենակատար` հեղինակ: Սա Շոպենի փաստորեն թիվ 1 կոնցերտն է, սակայն որոշ պատճառներով համարակալվել է որպես թիվ 2: Կոմպոզիտորի պատմական ծառայությունն այն է, որ նա, հետևելով համաշխարհային երաժշտության մեջ այդ ժանրի ավանդույթին, ստեղծել է լեհական երաժշտությանը բնորոշ ռիթմինտոնացիոն դարձվածքներով հագեցած ինքնատիպ ստեղծագործություն: Յուրաքանչյուր քայլափոխի իրեն զգալ է տալիս Շոպենի անկրկնելի գրելաոճը: 1-ին մասը գրված է սոնատային ալեգրոյի ձևում` կրկնակի էքսպոզիցիայով (թեմատիկ նյութը կատարում է նախ նվագախումբը, և ապա` մենակատարը նվագախմբի ընկերակցությամբ): 2-րդ մասը հիշեցնում է նոկտյուրն: Ֆինալը փայլուն ալեգրո է, որտեղ համատեղվում են նրբահյուս վալսի և եռանդուն մազուրկայի ռիթմերը: