Հունգար ջութակահար Քրիստոֆ Բարաթին միջազգային համբավ է ձեռք բերել շնորհիվ աչքի ընկնող երաժշտականության, անթերի կատարողական վարպետության և արտահայտչականության: Քննադատները ընդգծում են նրա մեկնաբանումների բանաստեղծականությունը և բնորոշում նրան որպես «բարձր կարգի հնչյունային էսթետ»: 2016-ին Verbier Festival-ում Բարաթին կատարել է Բախի մենանվագ սոնատների և պարտիտների ամբողջական ցիկլը: Նույն ցիկլը 2022-ին թողարկել է Deutsche Grammophon ֆիրման՝ նորաստեղծ Verbier Festival Gold label-ով: Նախորդ համերգաշրջաններում Բարաթին հանդես է եկել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի հետ Hollywood Bowl-ում, Լոնդոն ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Royal Festival Hall-ում և Kissinger Sommer փառատոնում` Liszt Chamber Orchestra-ի հետ և 2019-ի Verbier Festival-ի բացման համերգին:
Քրիստոֆ Բարաթին ելույթներ է ունեցել անվանի նվագախմբերի հետ. Ցյուրիխի Tonhalle, Օսլոյի ֆիլհարմոնիկ, Orchestre National de France, ORF Vienna Radio Symphony, Orchestre Symphonique de Montreal, BBC Scottish Symphony, BBC Philharmonic, Hague Philharmonic, Իսրայելի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբեր:
2022/23-ին նախատեսված են Բարաթիի ելույթները Stavanger Symphony նվագախմբի հետ՝ Էթվոշի «Ալհամբրա» կոնցերտի կատարմամբ և կոմպոզիտորի ղեկավարությամբ: Նրա ելույթները կայանալու են նաև
Bournemouth Symphony, NDR Hannover Symphony և Rotterdam Philharmonic նվագախմբերի հետ և Ամստերդամի Concertgebouw համերգասրահում: Նույն համերգաշրջանում Հունգարիայում նախատեսված են Բարաթիի համերգները որպես մենակատար և դիրիժոր: Որպես կամերային երաժիշտ Քրիստոֆ Բարաթին համագործակցել է հայտնի արտիստների հետ. Միշա Մայսկի, Յուրի Բաշմետ, Էնրիկո Պաչե, Ժան-Էֆլամ Բավուազե, Զոլթան Կոչիս, Քիմ Քաշքաշյան և այլք: Նա մշտապես հրավիրվել է մասնակցելու «Սպիտակ գիշերների աստղեր», Seattle Chamber Music և Aspen փառատոներին:
2022-ին կայացել է Քրիստոֆ Բարաթիի բեմելը Վրաստանի Ցինանդալի փառատոնում: Ընդարձակ է Քրիստոֆ Բարաթիի դիսկոգրաֆիան. Մոցարտի բոլոր Ջութակի կոնցերտները, Բեթհովենի և Բրամսի բոլոր սոնատները՝ Կլարա Վյուրցի նվագակցությյամբ, Իզայիի մենանվագ սոնատները (Brilliant Classics ֆիրմա), Բախի մենանվագ սոնատները և պարտիտները (Berlin Classics ֆիրմա), “The Soul of Lady Harmsworth” համերգային բիսերից կազմված CD (2016): Բարաթիի մանկությունը անցել է Վենեսուելայում: Որպես մենակատար հանդես է եկել Վենեսուելայի առաջատար նվագախմբերի հետ:
Բարաթին վերադարձել է Հունգարիա ուսումը շարունակելու համար Ֆրանց Լիստի անվան ակադեմիայում, որտեղ նրա դասատուն էր Էդուարդ Վուլֆսոնը, որն էլ իր հերթին Միլշտեյնի և Մենուհինի աշակերտն էր եղել:
Բարաթին ներկայումս էլ բնակվում է Հունգարիայում և հանդիսանում Kaposvár International Chamber Music Festival-ի գեղարվեստական ղեկավարը՝ Իշտվան Վարադիի հետ: Քրիստոֆ Բարաթին նվագում է Ստրադիվարիուսի 1703 թվականին կերտած ջութակով, որը հետագայում ստացել է “Lady Harmsworth” անվանումը: Գործիքը ջութակահարին տրամադրել է Չիկագոյի Stradivarius Society-ին: