Ռեքվիեմը (մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար) գրել եմ 2010-2011թթ.-ին։ Ռեքվիեմի հիմքում լատիներեն կանոնական տեքստն է։ Երկը գրելու առաջարկը ստացել եմ Մյունխենի կամերային նվագախմբի և Բեռլինի ՌԻԱՍ երգչախմբի կողմից։ Ռեքվիեմը նվիրված է 1915-1917թթ. Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ցեղասպանություն, որն անմիջականորեն առնչվում է նաև իմ ընտանիքի անդամների հետ։ Երկը գրելիս բախվել եմ մի խնդրի, որի լուծումը ժամանակ ու ջանք է պահանջել (միայն ասեմ, որ վերջին տասը տարիների ընթացքում երեք տարբեր ռեքվիեմ եմ սկսել ու մի կողմ դրել)։ Խնդրի էությունը Հայ եկեղեցու և, օրինակ, Կաթոլիկ եկեղեցու միջև երաժշտական շարադրման, երգեցողական ընթերցման որոշ տարբերությունների գոյությունն է։ Երկար ժամանակ առանց անկախ պետության գոյատևած ազգի ներկայացուցիչ հավատացյալի հոգեբանությունը էապես տարբերվում է այն հավատացյալի հոգեբանությունից, ում թիկունքին դարավոր անկախ, հզոր պետություն է կանգնած։ Բացի դրանից, ես դեմ հանդիման էի եկեղեցական ու թատերական սկզբունքների խնդրին, որոնք դարերի ընթացքում եվրոպական այս ժանրի երաժշտության տիրույթում զարգացում էին ապրել։ Որոշեցի զերծ մնալ թատերական ու հռետորական համակարգի այս կարգի խնդիրներից։ Այդպիսով պարզ դարձավ ինձ համար, որ իմ Ռեքվիեմի երգիչները պետք է ունենային մեր հնագույն մանրանկարչության մեջ պատկերված կերպարների հոգեբանությունն ու ընդհանուր նկարագիրը։ Հուսով եմ, որ հայ հնագույն հոգևոր ու աշխարհիկ երաժշտության և լատիներեն տեքստի համակցումը ծնել է անսպասելի մի բան։
Տիգրան Մանսուրյան
2016-ին Մանսուրյանի Ռեքվիեմը Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ կատարվել և ձայնագրվել է Բեռլինի Jesus-Christus-Kirche Dahlem եկեղեցում Մյունխենի կամերային նվագախմբի և RIAS կամերային երգչախմբի կատարմամբ (մեներգիչներ՝ Անյա Պետերսեն, սոպրանո և Էնդրյու Ռեդմոնդ, բաս):
2018-ին ECM Records ֆիրմայի թողարկած CD-ն Մանսուրյանի Ռեքվիեմի ձայնագրությամբ արժանացել է Grammy մրցանակի նոմինացիայի և նույն թվականին հաղթող է հանդիսացել ICMA մրցանակաբաշխության «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում:
Մանսուրյանի Ռեքվիեմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013-ի ապրիլի 24-ին Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ ՀԱՖՆ-ի, « Հովեր» պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: