Ռեքվիեմը հոգեհանգստյան պատարագ է, որը գրվում և կատարվում է սգո արարողությունների կապակցությամբ: Ավանդական լատիներեն տեքստը կանոնակարգված է և փոփոխման ենթակա չէ: Տարիների ընթացքում Ռեքվիեմը իբրև երաժշտական ժանր դուրս է եկել հոգևոր արարողության շրջանակներից և հաճախ հնչում է համերգներում: Աչքի ընկնող ռեքվիեմներ են գրել Մոցարտը, Վերդին, Բեռլիոզը, Ֆորեն և այլ կոմպոզիտորներ: Մոցարտի Ռեքվիեմը կոմպոզիտորի վերջին ստեղծագործությունն է, որը մնացել է անավարտ` հեղինակի մահվան պատճառով: Այս գործը վերջնական տեսքի է բերել Մոցարտի հավատարիմ աշակերտ և հետևորդ Քսավեր Զյուսմայերը, որը, խուսափելով ավելորդ միջամտությունից, կարողացավ պահպանել Մոցարտի գրելաոճը: