ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Վլադիմիր Ֆեդոսեևը մեր օրերի ամենաճանաչված դիրիժորներից է, որի անունը կապված է աշխարհի բազմաթիվ նվագախմբերի հետ:
Մաեստրոն Տոկիոյի Ֆիլհարմոնիայի, Բավարիայի ռադիոյի, Ֆրանսիայի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Բեռլինի սիմֆոնիկ, Դրեզդենի ֆիլհարմոնիկ և NHK սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժորն է:
1997-2004-ին նա Վիեննայի Սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն էր:
1974-ից ղեկավարում է Չայկովսկու անվան պետական ակադեմիական Մեծ սիմֆոնիկ նվագախումբը:
Սիմֆոնիկ նվագախմբերի հետ աշխատելուց բացի Վլադիմիր Ֆեդոսեևը ակտիվորեն համագործակցում է աշխարհի օպերային և բալետային թատրոնների հետ, որոնց թվում՝ Լա Սկալա, Վիեննայի օպերա, Ցյուրիխի օպերային թատրոն: 2015-ին Վ. Ֆեդոսեևը Լա Սկալայում ղեկավարել է Չայկովսկու «Շչելկունչիկ» և «Քնած գեղեցկուհին» բալետները:
2017-ին իրականացրել է Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի պրեմիերան Հելիկոն օպերայում, որից հետո որպես երաժշտական ղեկավար հրավիրվել է այս թատրոն:
Վ. Ֆեդոսեևի ձայնագրություններից շատերը, որոնց թվում են Բեթհովենի և Չայկովսկու բոլոր սիմֆոնիաները, պահանջված են: «Մայիսյան գիշեր» օպերայի ձայնագրությունը արժանացել է ֆրանսիական Շան դյու Մոնդ ակադեմիայի «Ոսկե Օրփեոս» մրցանակի և ճանաչվել է որպես 1976 թվականի լավագույն ձայնագրություն: Դիրիժորի ձայնագրությունների թվում են նաև Warner Classics & Jazz ֆիրմայի կողմից թողարկված՝ Բրամսի սիմֆոնիաները և ճապոնական Pony Сanyon ֆիրմայի թողարկած՝ Շոստակովիչի սիմֆոնիաները:
Վլադիմիր Ֆեդոսեևը բազմաթիվ մրցանակների և պարգևների մրցանակակիր է, այդ թվում «За заслуги перед Отечеством» շքանշանի բոլոր 4 աստիճանների ասպետ, ինչպես և Սերգիյ Ռադոնեժսկու շքանշանի 1-ին աստիճանի ասպետ, Ավստրիայի Հանրապետության «Արծաթե Խաչ» և «Պատվո Խաչ» 1-ին կարգի շքանշանների ասպետ:
2017-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Ֆեդոսեևին պարգևատրել է «За заслуги перед Москвой» Պատվո շքանշանով:
2018-ին Համայն Ռուսիոյի պատրիարք Կիրիլը Ֆեդոսեևին հանձնել է Դանիիլ Մոսկովսկու 1-ին կարգի շքանշանը: Նույն թվականին դիրիժորը արժանացել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի Պատվավոր պրոֆեսորի կոչմանը: 2019-ին նա արժանացել է Ռուսաստանի Ազգային Թատերական «Ոսկե դիմակ» մրցանակին, իսկ 2021-ին Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը Ֆեդոսեևին հանձնել է Մոսկվայի կոնսերվատորիայի Պատվավոր պրոֆեսորի դիպլոմ և պատմուճան:
2022-ին մաեստրոն դարձավ Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի Ոսկե մեդալի, ինչպես և Պատվո շքանշանի 1-ին աստիճանի ասպետ:
«Վլադիմիր Ֆեդոսեևը հաջողության արժանացավ բնականորեն, որպես արտակարգ տվյալների տեր դիրիժոր, որը շատ գործ կատարեց Մեծ երաժշտության ասպարեզում և ապրեց իսկական ստեղծագործական կյանք», — դիրիժորի մասին գրել է կոմպոզիտոր Բորիս Չայկովսկին: Իսկ Տիխոն Խրեննիկովը նշել է. «Դիրիժորի տաղանդը երաժշտական տաղանդի միանգամայն առանձնահատուկ տեսակ է: Երգչի նման, դիրիժորն էլ պիտի ունենա իր դիրիժորական ձայնը: Ֆեդոսեևը այսպիսի ձայնի երջանիկ կրողն է: Ղեկավարի կամքը, արտիստի ավյունը, շարժումների ճկունությունը – այդ ամենը նրա անհատական դիրիժորական ձայնի վկայությունն է»: