Ռ. Շտրաուս: «Այսպես խոսեց Զրադաշտը» սիմֆոնիկ պոեմ (1896թ.)
Հայտնի են Ռ. Շտրաուսի «Դոն Ժուան» պոեմը ըստ Լենաուի, «Դոն Կիխոտ» պոեմը ըստ Սերվանտեսի, «Թիլ Ուլենշպիգել» պոեմը ըստ ժողովրդական լեգենդի և այլ պոեմներ:
«Այսպես խոսեց Զրադաշտը» ստեղծագործության հիմքում է Նիցշեի համանուն փիլիսոփայական պոեմը, որտեղ արտահայտվեցին մեծ փիլիսոփա Զրադաշտի մտորումները մարդու և բնության, կյանքի և մահվան, իրական աշխարհի և անդրշիրիմյան աշխարհի մասին:
Ընտրելով Նիցշեի ստեղծագործության ամենակարևոր գաղափարները, Ռ. Շտրաուսը կազմեց ինքնուրույն կոնցեպցիա՝ ինը դրվագներից:
Պոեմը սկսվում է արևածագի տեսարանով, որն ազդարարում է հերթական օրվա ծնունդը՝ իր հետ բերելով նոր հոգսեր և հավերժության չբացահայտված գաղտնիքներ: Մի շարք դրվագներից հետո, որոնք պատմում են անդրշիրիմյան կյանքի, մշտնջենական իղձերի և երազանքների մասին, ամենօրյա հաճույքների և կրքերի և մահվան մասին, տրվում է ֆուգա, որը կոչված է մարմնավորել գիտության գաղափարը:
Իսկ նախավերջին դրվագը ներկայացնում է պարը, որպես մարդու ինքնարտահայտման ամենաբնորոշ կողմերից մեկը: Պոեմն ավարտվում է գիշերային ճամփորդի երգով: Լրացավ ևս մեկ օր, սակայն չբացահայտվեցին հավերժության գաղտնիքները: