1930-ին Ռավելը միաժամանակ աշխատում էր դաշնամուրային երկու կոնցերտների վրա, մեկը հռչակավոր Ձախ ձեռքի d-moll կոնցերտն էր Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական դեպքերի վերհուշով, մյուսը «Երկու ձեռքի համար» G-dur կոնցերտն է՝ լուսավոր և լավատեսական, բովանդակությամբ պարզ և մատչելի, որն իր իսկ Ռավելի խոստովանությամբ կրում է Մոցարտի և Սեն-Սանսի դասական կոնցերտների ազդեցությունը: Երկու ձեռքի համար կոնցերտը սկզբնապես պիտի կրեր «Կոնցերտինո» անվանումը՝ նկատի ունենալով դրամատիկական հագեցվածության բացակայությունը: «Իմ կարծիքով, — գրել է Ռավելը,- կոնցերտը միշտ չէ, որ պետք է ամփոփի լուրջ բախումներ: Այն կարող է լինել փայլուն և տոնական»: Այս բոլոր դիտարկումները իրոք տեղ են գտել Երկու ձեռքի համար կոնցերտում, որին բնորոշ է թափանցիկ ֆակտուրան, վիրտուոզային տարրերի բացակայությունը: Միևնույն ժամանակ Կոնցերտն ունի այս ժանրի բոլոր կարևորագույն հատկանիշները և նախ և առաջ՝ անբռնազբոս մրցակցությունը դաշնամուրի և նվագախմբի միջև: Ինչպես միշտ փալյուն է Ռավելի գործիքավորումը, իսկ դաշնամուրի նվագամասը պարունակում է Ռավելի կոմպոզիտորական տեխնիկայի անսպառ հնարքներ: