Ռայնհարդ Զեեհաֆերը ծնվել է Մագդեբուրգում: Իբրև դիրիժոր, կոմպոզիտոր և դաշնակահար սովորել է Լայպցիգում և Վայմարում` Կուրտ Մազուրի և Ռոլֆ Ռոյտերի ղեկավարությամբ: Որպես դիրիժոր կատարելագործվել է Լեոնարդ Բերնսթայնի և Օտմար Սյուտների մոտ: 1980-ին արժանացել է «Ֆելիքս Մենդելսոն» մրցանակի: Բեռլինի Komische Oper թատրոնում նրա բեմելը կայացել է «Մադամ Բաթերֆլայ» օպերայով, որից հետո դարձել է այս թատրոնի դիրիժորը, համագործակցելով հայտնի ռեժիսորների և խորեոգրաֆների հետ. Հարրի Կուպֆեր, Յոախիմ Հերց, Թոմ Շիլինգ և այլք: 1989-ին Զեեհաֆերը դարձել է Գյորլիցի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: 1991-ին Գլորլիցի օպերային թատրոնի ղեկավար Վոլֆ-Դիթեր Լուդվիգի հետ հիմնել է մշակութային EUROPERA նախագիծը, որի գեղերվեստական ղեկավրը և գլխավոր դիրիժորն էր մինչև 1998-ը: Նույն թվականին հիմնել է Europa Philharmonie-ն, որի երաժշտական ղեկավարն էր մինչև 2013-ը: 1994-2000-ին Ռայնհարդ Զեեհաֆերը եղել է Սաքսոնիայի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը, իսկ 2000-2006-ին` Հունդիսբուրգի ամրոցում անցկացվող Միջազգային ամառային երաժշտական ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը: 2014-ից Սաքսոնիա-Անհալտ երկրամասի “Altmark Festspiele” փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: Որպես հրավիրյալ դիրիժոր Ռայնհարդ Զեեհաֆերը հանդես է գալիս տարբեր օպերային թատրոններում, միջազգային փառատոներում և նվագախմբերի հետ. Դրեզդենի Staatskapelle, Լայպցիգի Gewandhaus Orchestra, Վայմարի Staatskapelle, Dresden Philharmonic, Robert Schumann Philharmonie և այլ նվագախմբեր Չինաստանում, ԱՄԷ-ում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում:
Որպես օպերային դիրիժոր Ռայնհարդ Զեեհաֆերը ղեկավարել է ավելի քան 40 օպերաների մոտ 800 բեմականացումներ: Նրա երկացանկը ներառում է բարոկկո երաժշտությունից մինչև ժամանակակից ստեղծագործություններ, ինչպես նաև օպերաների պրեմիերաներ. «Բոհեմ», ՙՏոսկա», «Տրավիատա», «Կախարդական սրինգ», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Այսպես են վարվում բոոր կանայք», «Օթելլո», «Ազատ հրաձիգը», «Ռիգոլետո», «Տուրանդոտ» և այլ օպերաներ:
Իբրև դաշնակահար և կամերային երաժիշտ հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում և Իտալիայում` Բեռլինի օպերայի մենակատարների հետ, Դրեզդենի Semperoper-ում, Վայմարի Staatskapelle-ում, Լայպցիգի Gewandhaus Quartet-ի և հայտնի գերմանացի դերասանների հետ: Որպես կոմպոզիտոր Ռայնհարդ Զեեհաֆերը ստեղծագործում է տարբեր ժանրերում և ոճերում: Բացի կամերային և օպերային գործերից գրել է նաև սիմֆոնիկ ստեղծագործություններ, որոնք գլխավոր տեղ են գրավում նրա երկացանկում: Զեեհաֆերի նվագախըմբի համար գրած նշանակալի գործերից է «Առակը» (“Parable”) ըստ Լեսսինգի «Նաթան իմաստուն» գործի, «Վեց վարիացիաները», Դաշնամուրային տրիոն, Կվինտետը, «Ամադեուս ֆանտազիան» և այլ գործեր: 2007-ին վերականգնել է առաջին «Դափնե» օպերան, որը կորցվել էր Երեսունամյա պատերազմի ժամանակ: 2009-2012-ին Զեեհաֆերը եղել է Գերմանիայի SAP սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ-կոմպոզիտորը: 2010-ին Ռայնհարդ Զեեհաֆերին շնորհվել է Gellert Prize, Գերմանիայում իրականացված նշանակալի ստեղծագործական գործունեության համար: