Պ.Ի. Չայկովսկու անվան պետական ակադեմիական Մեծ սիմֆոնիկ նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Վլադիմիր Ֆեդոսեև
Սկզբում՝ Համամիութենական ռադիոյի և կենտրոնական հեռուստատեսության Մեծ սիմֆոնիկ նվագախումբ անունը կրող այս կոլեկտիվը հիմնադրվել է 1930-ին, որպես Սովետական Միության թիվ 1 սիմֆոնիկ նվագախումբ: «Այս նվագախմբի կատարումները աչքի են ընկնում միանգամայն անկրկնելի հնչողությամբ», — գրել է Գեորգի Սվիրիդովը, որի ստեղծագործությունների առաջին կատարողն էր այս նվագախումբը՝ Մյասկովսկու, Պրոկոֆևի, Խաչատրյանի, Շոստակովիչի ստեղծագործությունների կողքին:
Նվագախմբի բարձր հեղինակությանը նպաստել են աչքի ընկնող դիրիժորներ Ա. Օռլովը, Ն. Գոլովանովը, Ա. Գաուկը, Գ. Ռոժդեստվենսկին, որոնք տարբեր տարիների ղեկավարել են նվագախումբը: Այս կոլեկտիվի հետ ելույթ են ունեցել հրավիրյալ դիրիժորներ Լ. Ստոկովսկին, Գ. Աբենդրոտը, Լ. Մաազելը, Կ. Մազուրը, Ե. Մրավինսկին, Կ. Ցեկկին և ուրիշներ:
1974-ից կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Վլադիմիր Ֆեդոսեևը: Մեծ սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել աշխարհահռչակ կատարողներ Ս. Ռիխտերը, Դ. Օյստրախը, Լ. Պավարոտին, Ս. Լեմեշևը, Ա. Նեժդանովան, Ի. Արխիպովան, ինչպես և Մ. Պլետնյովը, Վ. Տրետյակովը, Յու. Բաշմետը, Ե. Լեոնսկայան, Ա. Կնյազևը և ուրիշներ: Ժամանակին նվագախումբը և Վլադիմիր Ֆեդոսեևը աշխարհին ծանոթացրել են Ե. Կիսինի, Մ. Վենգերովի, Վ. Ռեպինի և այլ նշանավոր արտիստներին:
1993-ին Չայկովսկու մահվան 100-ամյակի առթիվ Մեծ սիմֆոնիկ նվագախմբին շնորհվել է ռուս մեծ կոմպոզիտորի անունը: Մեծ սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Նվագախումբը դարձել է ռուսական նվագախմբերից առաջինը, որը մշտապես մասնակցում է Վիեննայի Musikverein-ի Ոսկեզօծ սրահի համերգներին:
Մեծ սիմֆոնիկ նվագախումբը հաճախակի ելույթներ է ունենում Ռուսաստանի քաղաքներում՝ Սմոլենսկում և Վոլոգդայում, Պերմում և Նովգորոդում, Տյումենում, Եկատերինբուրգում և այլ քաղաքներում:
Մեծ սիմֆոնիկ նվագախումբը կատարում է լուսավորչական մեծ աշխատանք բուհերում և թանգարաններում, մանկական լսարանի առաջ, ինչպես և կազմակերպելով խոսքը և երաժշտությունը միավորող երեկոներ:
2015-16 համերգաշրջանում նվագախումբը մեծ հաջողությամբ ներկայացրել է «Մոցարտի նամակներ» նախագիծը, որը միահյուսում էր կոմպոզիտորի կյանքի, ստեղծագործության և նամակագրության էջերը:
Այս սկզբունքով կազմվել են նաև Բեթհովենին, Չայկովսկուն, Բրամսին, Ռախմանինովին, Պրոկոֆևին, Բորոդինին և Ռիմսկի-Կորսակովին նվիրված տարբեր տարիների համերգաշարերը: Մեծ սիմֆոնիկ նվագախմբի ձայնագրությունները, որոնց մի մասը կարելի է անվանել պատմական, իրագործել են Sony, Pony Canyon, JVC, Philips, Relief. Warner Classics & Jazz, “Мелодия” ֆիրմաները: