Պղնձյա և փայտյա փողայինների վարպետության դասեր և համերգ 2021
ԵրազԱրտ պղնձյա և փայտյա փողայինների վարպետության դասեր և համերգ 2021
ՀՈՒՆԻՍ 4, 5, 6, 7, 8, 9, 2021թ.
Հունիսի 9-ին, ԵրազԱրտ Ակադեմիան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ կազմակերպեց համերգ, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, ժ.17:00-ին: Համերգը կայացավ անմիջապես ինտենսիվ պարապմունքների ավարտից հետո, որոնք սկսվել էին հունիսի 4-ից: Ակադեմիայի աշակերտների և ուսուցիչների կատարմամբ կարողացանք ունկնդրել պղնձյա փողայինների կվարտետ, անսամբլ, փայտյա փողայինների տրիո և մենանվագներ:
ՀԱՖՆ-ի կոնցերտմայստերները՝ 3 հայ և 4 արտասահմանցի, ունկնդրին ներկայացրեցին իրենց աշխատանքների արդյունքը աշակերտների հետ:
Ակադեմիայում սովորում է 5 երիտասարդ գալարափողահար (ուսուցիչ՝ Պաոլո Ռիցուտո, Իտալիա), 4 տրոմբոնահար (ուսուցիչ՝ Խուան Պարդո Խիլ, Իսպանիա), 2 շեփորահար (ուսուցիչ՝ Ստեֆանո Ֆլայբանի, Իտալիա), մեկ հոբոյահար (ուսուցիչ՝ Հարություն Շախկյան, Հայաստան), մեկ ֆագոտահար (ուսուցիչ՝ Անդրանիկ Քոչարյան, Հայաստան), բաս տրոմբոնահար, որին կներկայացնի Մատիաս Վարելան Նիդեռլանդներից և մեկ տաղանդավոր ֆլեյտահար Նարեկ Ավագյանի ղեկավարությամբ (Հայաստան):
Ավելի քան 5 տարի է ինչ ԵրազԱրտ Ակադեմիան ՀԱՖՆ-ի հետ համագործակցությամբ պարբերաբար անցկացնում է պղնձյա և փայտյա փողային գործիքների դասընթացներ տաղանդավոր հայ աշակերտների հետ: Վերջիններիս տարիքը տատանվում է 14-20 տարեկանների միջև: Նրանցից մի քանիսն արդեն ստացել են առաջարկներ շարունակելու իրենց ուսումը արտասահմանյան հեղինակավոր կոնսերվատորիաներում:
Ակադեմիայի նպատակն է կրթել պղնձյա և փայտյա փողայինների, ովքեր կշարունակեն իրենց կարիերան ՀԱՖՆ-ի կամ այլ պրոֆեսիոնալ նվագախմբի հետ:
Եզրափակիչ համերգի տեսագրությունը հասանելի է Յութուբյան ալիքում: