Ծնվել է 1963-ին Բրեշիայում: Ավարտել է Սերջիո Մարինյոնիի դաշնամուրի դասարանը և Դոնատո Ռենցետտիի դիրիժորության դասարանը:
Մասնակցել է Էմիլ Չակարովի (Վենետիկ, 1988) և Լեոնարդ Բերնսթայնի (Հռոմ, 1988) վարպետության դասընթացներին:
Իր դիրիժորական կարիերայի ընթացքում Պիեր Կառլո Օրիցիոն համագործակցել է մի շարք նշանակալի նվագախմբերի հետ. Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Ռուսաստանի Ազգային նվագախումբ, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Camerata Salzburg (մենակատար՝ Սալվատորե Ակկարդո), Չայկովսկի սիմֆոնիկ նվագախումբ, Դանիայի Ազգային սիմֆոնիկ նվագախումբ և այլ հայտնի նվագախմբեր: Պրահայի Ֆիլհարմոնիկի հետ Օրիցիոն ձայնագրել է Բեթհովենի թիվ 1 և Շումանի լա մինոր կոնցերտները (մենակատար՝ Մարթա Արգերիխ): Առանձնահատուկ են Օրիցիոյի կապերը Չինաստանի հետ, որտեղ նա հիմնել է Պեկինի միջազգային դաշնամուրային փառատոնը՝ դառնալով նրա գեղարվեստական ղեկավարը: 2008-ից Պիեր Կառլո Օրիցիոն ելույթներ է ունեցել Չինաստանի ամենահեղինակավոր համերգասրահներում՝ համագործակցելով Beijing Symphony և Shenzhen Philharmonic Orchestra նվագախմբերի հետ: Հեղինակավոր եվրոպական փառատոներում Օրիցիոն հանդես է եկել Մստիսլավ Ռոստրոպովիչի, Սըր Ջեյմս Գելուեյի, Ռուդոլֆ Բուխբինդերի, Բորիս Բերեզովսկու և այլ անվանի մենակատարների հետ:
Ժամանակակից երաժշտության ջատագով Պիեր Կառլո Օրիցիոն իրականացրել է Արվո Պյարտի, Սոֆյա Գուբայդուլինայի, Քշիշտոֆ Պենդերեցկու (մենակատար՝ Մասսիմո Մերչելլի) ստեղծագործությունների կատարումը, ինչպես և Ջանկառլո Ֆաչինետտիի և Մաուրո Մոնտալբետտիի գործերի համաշխարհային պրեմիերաները: 2018-ին Օրիցիոն ելույթ է ունեցել Ռուսաստանի Ազգային նվագախմբի հետ՝ Ռոստրոպովիչի փառատոնի բացմանը (մենակատար՝ Միխայիլ Պլետնյով) և Օմանի Royal Opera House of Muscat-ում (մենակատար՝ Սերգեյ Կռիլով), ինչպես և Zagreb Philharmonic Orchestra-ի հետ (մենակատար՝ Յուլիան Ռախլին և Միշա Մայսկի):
2019-ին կայացել են նրա ելույթները Royal Philharmonic Orchestra-ի և Belgian National Orchestra-ի հետ: 2021-ին տեղի ունեցավ Օրիցիոյի առաջնաելույթը Աթենքի պետական նվագախմբի հետ:
Պիեր Կառլո Օրիցիոն դիրիժորություն է դասավանդում Բրեշիայի “Luca Marenzio” կոնսերվատորիայում: