40 տարի ի վեր Պավել Կոգանի անունը ճանաչում է ստացել հինգ մայրցամաքներում: Բրիտանական հեղինակավոր British Classical TV հեռուստաալիքը 2011 թվականին Կոգանին դասել է XX-րդ դարի 10 լավագույն դիրիժորների շարքին:
Պավել Կոգանի ծնողները՝ Լեոնիդ Կոգանը և Ելիզավետա Գիլելսը հռչակավոր ջութակահարներ էին, իսկ մորեղբայրը՝ Էմիլ Գիլելսը աշխարհահռչակ դաշնակահար: Իր մասնագիտական կրթությունը Պավել Կոգանը ստացել է իբրև ջութակահար և դիրիժոր (որպես ջութակահար՝ Յու. Յանկելևիչի դասարան և որպես դիրիժոր՝ Ի. Մուսինի և Լ. Գինզբուրգի դասարան): 1970-ին, տասնութ տարեկան ջութակահարը 1-ին մրցանակ է շահել Սիբոլիուսի անվ. մրցությում (Հելսինկի): 1972-ից Մրավինսկու, Կոնդրաշինի, Սվետլանովի և Ռոժդեստվենսկու հրավերով սկսվեցին նրա դիրիժորական ելույթները նախ Ռուսաստանի, ապա և արտերկրի լավագույն նվագախմբերի հետ:
1988-ին տեղի է ունեցել Պավել Կոգանի բեմելը Մոսկվայի Մեծ թատրոնում: Նույն տարում Կոգանը դարձել է Zagreb Philharmonic Orchestra-ի գեղարվեստական ղեկավար: 1989-ից Կոգանը ստանձնել է Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի (MSSO) գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը, որը նրա ղեկավարությամբ շուտով վաստակել է Ռուսաստանի ամենահայտնի նվագախմբերից մեկի անունը:
1998-2005-ին Պավել Կոգանը եղել է Utah Symphony Orchestra-ի Գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նա դարձել է աշխարհի ճանաչված նվագախմբերի պահանջված դիրիժորը. Philadelphia Orchestra, Los Angeles Philharmonic, Bavarian Radio Symphony Orchestra, Munich Philharmonic, Orchestre National de Belgique, Helsinki Philharmonic Orchestra, RTVE Symphony Orchestra, Toronto Symphony Orchestra և այլ նվագախմբեր:
Իր ղեկավարած՝ Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի և այլ նվագախմբերի և անսամբլների հետ Պ. Կոգանը բազմաթիվ ձայնագրություններ է կատարել Ռուսաստանի և արտերկրի ֆիրմաներում: Դրանք արժանացել են քննադատների և հանդիսատեսի բարձր գնահատանքին:
ՌԴ Ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Պետական մրցանակի դափնեկիր Պավել Կոգանը 2014-ին արժանացել է նաև Ֆրանսիայի մշակույթի նախարարության հեղինակավոր Commandeur de L’Ordre des Arts et des Lettres կոչմանը, ինչպես և հայրենական և արտասահմանյան երկրների այլ պարգևների:
Նա ՌԴ Արվեստների Ակադեմիայի իսկական անդամ է: