Նիկոլայ Լուգանսկին մի դաշնակահար է, ով զգացմունքն ու նրբագեղությունը համատեղում է հզոր վիրտուոզության հետ: Ճանաչված լինելով որպես ռուսական և ուշ ռոմանտիկական երկացանկի վարպետ, Լուգանսկին աչքի է ընկնում Ռախմանինովի, Պրոկոֆևի, Շոպենի և Դեբյուսիի իր մեկնաբանություններով։
Ստեղծագործական գործունեության և ձայնագրությունների համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Լուգանսկին համագործակցել է Յուրի Տեմիրկանովի, Քենթ Նագանոյի, Ջանանդրեա Նոզեդայի, Ստեֆան Դենեվի, Վլադիմիր Յուրովսկու և այլ անվանի դիրիժորների հետ:
Ելույթներ է ունեցել Berliner Philharmoniker, Deutsches Symphonie-Orchester Berlin, London Symphony Orchestra, Netherlands Philharmonic Orchestra, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Orchestre Philharmonique de Radio France, Helsinki Philharmonic Orchestra, Swedish Radio Symphony Orchestra, Orquestra Nacional de España և այլ հայտնի նվագախմբերի հետ: 2023-ին լրանում է Ռախմանինովի ծննդյան 150-ամյակը: Մի կոմպոզիտոր, որի ստեղծագործությունը առանձնապես հոգեհարազատ է Լուգանսկու անհատականությանը: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսված են դաշնակահարի մենահամերգային ելույթները Ռախմանինովի կարևորագույն ստեղծագործությունների ընդգրկումով Փարիզի Théâtre des Champs-Élysées-ում և Լոնդոնի Wigmore Hall-ում: Կայանալու են նաև Լուգանսկու մենահամերգները Վիեննայում, Բրյուսելում, Բեռլինում, Պրահայում և Ամստերդամի Concertgebouw-ում: Հաջորդ տարվա ամռանը պլանավորված են Լուգանսկու ելույթները Ռախմանինովի գործերի կատարմամբ՝ ԱՄՆ-ում Colorado Music Festival-ում և Vail Festival-ում Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ (դիրիժոր՝ Յաննիկ Նեզեթ-Սեգին):
Կամերային երաժշտության ջատագով Լուգանսկին այս համերգաշրջանում հանդես է գալու Մաքսիմ Ռիսանովի և Վադիմ Ռեպինի հետ, իսկ 2023-ին դուետի կազմում հյուրախաղերով ելույթներ կունենա Գոթիե Կապյուսոնի հետ Իտալիայում:
Gramophone ամսագիրը Լուգանսկուն բնորոշել է որպես «փայլուն նորարար երաժիշտ»: Նիկոլայ Լուգանսկին բացառիկ խորության և բազմակողմանիության տեր երաժիշտ է: Նա հանդես է գալիս աշխարհի ամենահեղինակավոր փառատոներում, որոնց թվում. Aspen, Tanglewood, Ravinia, Verbier և այլ փառատոներ: Կամերային երաժշտության ծրագրերում Լուգանսկին համագործակցում է Վադիմ Ռեպինի, Ալեքսանդր Կնյազևի, Միշա Մայսկու և Լեոնիդաս Կավակոսի հետ:
Նիկոլայ Լուգանսկին բազմիցս մրցանակների է արժանացել իր կատարած ձայնագրությունների համար: Վերջերս նրա ձայնագրած՝ Ռախմանինովի դաշնամուրային սոնատները արժանացել են Diapason d’Or մրցանակի: Իսկ մինչ այդ ձայնագրել է Գրիգի և Պրոկոֆևի դաշնամուրի կոնցերտները Բեռլինի Deutsches Symphonie-Orchester-ի հետ՝ Քենթ Նագանոյի ղեկավարությամբ, որի համար Լուգանսկին արժանացել է Gramophone ամսագրի Editor’s Choice մրցանակի:
Լուգանսկին բացառիկ պայմանագիր ունի Harmonia Mundi ֆիրմայի հետ, որտեղ 2018-ին թողարկվել են նրա կատարմամբ Ռախմանինովի 24 պրելուդները՝ արժանանալով բարձր գնահատականի: The Financial Times-ը Լուգանսկուն բնորոշել է որպես մի երաժշտի, որն ունի լսողությունը գրավելու ունակություն… նա երաժշտական խորը զգացմունքների տեր է: 2018-ին՝ Դեբյուսիի հոբելյանական տարում, Լուգանսկին ձայնագրել է կոմպոզիտորի մենանվագ դաշնամուրային գործերը, իսկ 2020-ին թողարկված՝ Սեզար Ֆրանկի «Պրելուդ, Խորալ և Ֆուգա» ստեղծագործությունը արժանացել է Diapason d’Or մրցանակի: Վերջերս Լուգանսկին ձայնագրել է նաև Բեթհովենի ուշ շրջանի դաշնամուրային սոնատների երկու CD և Ռախմանինովի Էտյուդ-պատկերները, որոնք թողարկվելու են 2023-ի գարնանը: