«Ես երբեք չեմ գրի սիմֆոնիա, — ասել է Բրամսը: — Որքան համարձակություն պիտի ունենաս դրա համար, երբ թիկունքումդ լսում ես հսկայի քայլերը»: Այս խոստովանության մեջ է Բրամսի պատասխանատվությունը՝ Բեթհովենից հետո սիմֆոնիա ստեղծելու հարցում: 1862-ին սկսված նրա աշխատանքը տևել է 14 տարի, և միայն 1876-ին կայացել է թիվ 1 սիմֆոնիայի պրեմիերան Կարլսռուհեում՝ Օտտո Դեսհոֆի ղեկավարությամբ: Բրամսն այստեղ առաջ է քաշել քնարական-էպիկական ուրույն կոնցեպցիա՝ ստեղծելով դասական կուռ օրենքներին հենված ռոմանտիկական սիմֆոնիա: Նրա ինտոնացիոն հենքն են կազմել անպաճույճ երգի, վալսի, խորալի դարձվածքները: Իսկ ֆինալի լուսաշող թեման անմիջականորեն հիշեցնում է Բեթհովենի Իններորդ սիմֆոնիայի «բերկրանքի թեման»: Պատահական չէ, որ հռչակավոր դիրիժոր Հանս ֆթն Բյուլովը Բրամսի այս սիմֆոնիան անվանել է «Բեթհովենի Տասներորդ սիմֆոնիա»:
1. Un poco sostenuto. Allegro
2. Andante sostenuto
3. Un poco allegretto e grazioso
4. Adagio. Piu andante. Allegro non troppo ma con brio