Յան Սիբելիուս: Ջութակի կոնցերտ, երկ 47 (1903թ.)
Առաջին կատարումը՝ 1904, Հելսինկի, մենակատար՝ Վ.Նովաչեկ, դիրիժոր՝ հեղինակ:
Ֆիննական երաժշտության դասական Սիբելիուսի ստեղծագործության մեջ առաջատար է սիմֆոնիկ ժանրը (մեծակերտ յոթ սիմֆոնիաներ, ֆինն ժողովրդի կյանքն արտացոլող ծրագրային սիմֆոնիկ պոեմներ): Սիբելիուսի միակ ջութակի կոնցերտը իրավամբ անվանում են սիմֆոնիա ջութակի և նվագախմբի համար: Եռամաս կուռ կառույցում հեղինակը վարպետորեն միավորում է համաեվրոպական նվաճումները և իր հարազատ ժողովրդի երաժշտական ավանդույթները: Հնարամտորեն է գրված ջութակի մենանվագ բաժինը (Սիբելիուսը կոմպոզիտոր լինելուց բացի նաև հիանալի ջութակահար էր): Այս կոնցերտը դասվում է ջութակի կոնցերտի լավագույն նմուշների թվին: