Մ. Ռավել: Բոլերո (1928թ.)
Առաջին կատարումը` 1928, Փարիզ, դիրիժոր` Վ. Ստրարամ: «Խորեոգրաֆիկ պատկեր»` այդպես է բնորոշել հեղինակը իր ամենալայն ճանաչումն ստացած այս գործը, որը գրվել է հայտնի պարուհի Իդա Ռուբինշտեյնի համար: Առաջին կատարողն էր Սերգեյ Դյագիլևի ղեկավարած ռուսական բալետային խումբն իր «Փարիզյան թատերաշրջանի» օրերին: Հեղինակի խոսքերով, «Բոլերոյի» հիմքում երեք հիմնական բաղադրիչների` ռիթմի, մեղեդու և տեմպի անփոփոխ լինելու սկզբունքն է: Ստեղծագործությունը հենվում է երկու փոխլրացնող թեմաների հաջորդականության վրա` ամեն անգամ նոր գործիքների կամ գործիքախմբերի կատարմամբ: Սկզբից մինչև վերջ լսելի է փոքր թմբուկի ռիթմիկ միավորող բանաձևը: «Բոլերոն» 20-րդ դարի ամենահայտնի ստեղծագործություններից է` թե’ իր կառուցվածքի զարմանալի պարզության և հնարամտության և թե’ հուզական հսկա ներգործության շնորհիվ: