Իսպանական երաժշտության դասական Մանուել դե Ֆալյայի «Եռանկյունի գլխարկը» բալետը գրվել է ըստ Պեդրո Ալարկոնի վիպակի: Սյուժեի հիմքում գոռոզ քաղաքագլխի պատմությունն է (եռանկյունի գլխարկը նրա պաշտոնի խորհրդանիշն է), որն իր կեղծ սիրով հետապնդում է ժողովրդի ծոցից դուրս եկած գեղեցիկ և խելացի ջրաղացպանուհուն: Վերջինս ընդհանուր ծաղրի առարկա է դարձնում քաղաքագլխին:
Բալետի երաժշտական լեզուն միավորում է իսպանական ժողովրդական երաժշտության դարձվածքները ժամանակակից կոմպոզիտորական տեխնիկայի հնարների հետ: Սկզբում ծրագրված լինելով որպես երաժշտական մնջախաղ, այս ստեղծագործությունը հայտնի ռուս իմպրեսարիո Սերգեյ Դյագիլևի պատվերով վերածվեց բալետի, որն էլ բեմադրվեց 1919թ. Լոնդոնում՝ Դյագիլևի կազմակերպած «Ռուսական բալետային թատերաշրջանի» օրերին՝ Պաբլո Պիկասոյի նկարչական ձևավորմամբ:
Բալետի երաժշտության հիման վրա գրված երկու նվագախմբային սյուիտները իրենց տեղն ունեն համերգային ծրագրերում: