Մեր ժամանակի ամենաճանաչված բազմակողմանի երաժիշտներից մեկը՝ Միխայիլ Պլետնովը, միավորում է դաշնակահարի, դիրիժորի և կոմպոզիտորի հազվագյուտ օժտվածությունը:
Մ. Պլետնյովը ծնվել է 1957-ին Արխանգելսկում՝ երաժիշտների ընտանիքում: 16 տարեկանում նա դարձել է Փարիզի դաշնակահարների երիտասարդական մրցույթի դափնեկիր: 1974-79-ին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում պրոֆ. Յակով Ֆլիերի, ապա և պրոֆ. Լեվ Վլասենկոյի դասարանում: Վերջինիս ղեկավարությամբ 1981-ին ավարտել է ասպիրանտուրան:
1977-ին արժանացել է դաշնակահարների համամիութենական մրցույթի Առաջին մրցանակին (Լենինգրադ), իսկ 1978-ին` Չայկովսկու անվան 6-րդ միջազգային մրցույթի Առաջին մրցանակին:
Պլետնյովը հանդես է եկել որպես մենակատար և նվագախմբի ընկերակցությամբ աշխարհի ամենահայտնի նվագախմբերի հետ Բեռլինում, Լոնդոնում, Մյունխենում, Իսրայելում, Չեխիայում: Ելույթներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյի, Փիցբուրգի, Բեռլինի, Ֆրանսիայի և շատ այլ անվանի նվագախմբերի հետ, հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ. Կլաուդիո Աբբադո, Կառլո Մարիա Ջուլինի, Բերնարդ Հայթինկ, Լորին Մաազել, Զուբին Մետա, Կուրտ Զանդերլինգ, Լեոնարդ Սլատկին, Նեեմե Յարվի, Ռիկարդո Շայի, Ռուդոլֆ Բարշայ և այլ դիրիժորներ:
Հանդիսատեսը, գործընկերները և քննադատները հիացմունքով են նշում նրա անվրեպ տեխնիկան, ոճի նուրբ զգացողությունը, կատարողական մեկնաբանությունների թարմությունը:
BBC Music Magazine-ը նշում է, որ «Պլետնոյվը յուրաքանչյուր ստեղծագործություն կատարում է ինչպես իր սեփականը, և նրա մեկնաբանումները ապշեցուցիչ են: Նման մեկնաբանություն չենք լսում որևէ այլ դաշնակահարի կատարմամբ»:
1980-ին տեղի է ունեցել Պլետնյով դիրիժորի բեմելը: Նրա դիրիժորական գործունեության վերելքը տեղի ունեցավ 90-ականներին, երբ նա հիմնեց Ռուսաստանի Ազգային նվագախումբը (1990), որը Ռուսաստանի առաջին անկախ սիմֆոնիկ նվագախումբն էր: Պլետնյովի ղեկավարությամբ այդ կոլեկտիվը շուտով նվաճեց աշխարհի առաջատար նվագախմբերից մեկի պատվավոր անունը և նվաճեց բազմաթիվ մրցանակներ, ներառյալ Grammy մրցանակը:
2006-ին Պլետնյովը հիմնել է իր անունը կրող՝ Ազգային մշակույթի զարգացման հիմնադրամը, որը Պլետնյովի նվագախմբի գործունեությունը ապահովելու հետ մեկտեղ սատարում է նաև սոցիալական բարձր կարգի մի շարք նախագծերին: Այդ թվում են իր նվագախմբի Վոլգայի հյուրախաղերը, Մեծ փառատոնը, որը 12 տարի շարունակ բացում էր ֆիլհարմոնիայի համերգաշրջանը, “Солисты РНО — детям и юношеству” բարեգործական ծրագիրը, Իվանովկայում անցկացվող՝ Սերգեյ Ռախմանինովի անվան փառատոնը, որտեղ Մաեստրոյի անձնական միջոցներով կառուցվել է ամառային թատրոն և իրականացվել են շատ ուրիշ նախաձեռնություններ: