Հ. Բեռլիոզ: «Ֆանտաստիկական սիմֆոնիա», երկ 14, 1830թ.
Բեռլիոզը ռոմանտիզմի դարաշրջանի ծրագրային երաժշտության ամենավառ ներկայացուցիչներից է: Նրա «Ֆանտաստիկական սիմֆոնիան» ունի ինքնակենսագրական երանգ: Հեղինակն այն անվանել է «Դրվագ արտիստի կյանքից»: Պարտիտուրի առաջին էջում նա հրապարակել է իր իսկ հորինած գրական ծրագիրը, որի սեղմ շարադրանքը բերվում է ստորև:
1-ին մաս: Երազանք, տառապանք
Երիտասարդ երաժիշտը անպատասխան սիրո հետևանքով թույն է խմում, սակայն չի մահանում, այլ խորասուզվում է տենդագին երազի մեջ: Նրա հիվանդոտ երևակայության մեջ սկիզբ են առնում ֆանտաստիկական տեսիլներ: Երիտասարդը հիշում է սիրուհու հետ կապված երջանիկ օրերը, ապա խանդը, տառապանքը: Գեղեցկուհին նրան ներկայանում է մեղեդու (լայտթեմայի) տեսքով, որը մշտապես հետապնդում է նրան:
2-րդ մաս: Պարահանդես
Երիտասարդը հանդիպում է սիրուհուն փայլուն պարահանդեսում՝ վալսի հնչյունների ներքո: Գեղեցկուհու հայտնվելու և հեռանալու պահին հնչում է նրա լայտթեման:
3-րդ մաս: Տեսարան՝ դաշտերում
Բնության գրկում երիտասարդը լսում է երկու հովիվների փոխձայնակցությունը: Նրան թվում է, որ սիրուհին դավաճանել է իրեն: Հովիվներից մեկը վերսկսում է իր նվագը, բայց մյուսն այլևս չի պատասխանում: Արևը մայր է մտնում, լսվում է որոտի ձայնը: Մենության և հուսալքման զգացում…
4-րդ մաս: Երթ դեպի կառափնարան
Երիտասարդը երազում տեսնում է, իբր խանդի հողի վրա սպանել է սիրուհուն: Նրան մահվան են դատապարտում և տանում դեպի կառափնարան: Հնչում է մռայլ քայլերգը: Վերջին պահին, իբրև հիշեցում լսվում է սիրուհու լայտթեման, որին հաջորդում է դահիճի անողոք հարվածը:
5-րդ մաս: Շվայտ գինարբուքի գիշեր
Երիտասարդը երազում իրեն տեսնում է այն աշխարհում՝ վհուկների, կախարդների և հրեշների շրջապատում: Այստեղ է նաև սիրուհին՝ վհուկի կերպարանքով: Նրա լայտթեման նույնպես աղճատված է, աղավաղված: Հնչում են սատանայական հուղարկավորության զանգերը, միջնադարյան հոգեհանգիստը խորհրդանշող Dies Irae-ի թեման: Պարում են կմախքները, բորբոքվում է վհուկների փոթորկալի պարը…