Հիբլա Գերզմավան համաշխարհային օպերային բեմի ամենապահանջված երգչուհիներից է։ Իր լուսավոր ու պարզ, զգացմունքային ու կրակոտ անհատականության շնորհիվ երգչուհին ստանձնում է ամենահայտնի օպերաների գլխավոր դերերը։ Մարմնավորելով իր հերոսուհիների կերպարները՝ նա հետևում է ոչ միայն դիրիժորի ուղղորդմանը, այլև իր ինտուիցիային: Նա բուռն և հոտնկայս ծափահարությունների է արժանացել Լոնդոնի թագավորական Covent Garden օպերայի, Նյու Յորքի Metropolitan, Վիեննայի Staatsoper, Միլանի La Scala, Մոսկվայի Մեծ թատրոնի և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան օպերային թատրոնների հանդիսատեսի կողմից։
Հիբլա Գերզմավայի ստեղծագործական կենսագրությունը հարուստ է նշանակալից իրադարձություններով։ Նա 2001թ. հիմնել է «Հիբլա Գերզմավան հրավիրում է …» երաժշտական փառատոնը, որը տարիների ընթացքում իր սահմաններն ընդլայնել է մինչև Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն, Վիեննայի Musikverein համերգասրահի Ոսկյա դահլիճ, Նյու Յորքի Carnegie Hall և Շվեյցարիայի Սենթ Մորից քաղաք:
2014թ. Սոչիի օլիմպիադայի փակման արարողությանը երգչուհին կատարել է «Օլիմպիական վալս» եզրափակիչ երգը։
Հիբլա Գերզմավան ելույթ է ունենում օպերային լավագույն բեմերում, նա շրջագայում է Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Իսրայելում և այլ երկրներում։ Նա երգել է Ելիսեյան դաշտերում, Փարիզի Théâtre du Châtelet, Ֆլորենցիայի Teatro Comunale, Սոֆիայի Օպերայի և բալետի թատրոններում, Բարսելոնի Gran Teatre Del Liceu օպերայում, Վալենսիայի «Ռեյնայում», Սոֆիայի արվեստի պալատում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Տոկիոյի Bunka Kaikan համերգասրահում, Լոնդոնի Covent Garden և այլ բեմերում: