Հիմնադրվել է 2000-ին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ: Գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն է:
Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Լոնդոնում, Փարիզում, Ժնևում, Թբիլիսիում, Գորիում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ֆրանկֆուրտում, Ստրասբուրգում, Բերգամոյում, Տորոնտոյում, Օտտավայում, Նիագարայում, Դրեզդենում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բերկլիում:
2009-ին, Կոմիտասի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ երգչախումբը համերգ-դասախոսություններով հանդես է եկել Ֆրանսիայում և Շվեյցարիայում:
2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում համերգներ է ունեցել Շվեյցարիայում (Բերնի կենտրոնական տաճար, Ցյուրիխ), Լիբանանում, Արգենտինայում, Հունաստանում (Աթենք, Սալոնիկ):
Կամերային երգչախմբի ձեռքբերումներից է ECM Records-ի թողարկած Եղիշե Չարենցի 10 բանաստեղծությունների հիման վրա գրված Տիգրան Մանսուրյանի «ARS POETICA» երգչախմբային կոնցերտի ձայներիզը, որը բարձրագույն գնահատական է ստացել 2006-ին անգլիական «THE GRAMOPHONE» երաժշտական պատվավոր կատալոգի էջերում:
ՀՊԿԵ-ի առաքելությունը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների քարոզչությունն է: Երգչախումբը հանդես է եկել համաշխարհային պրեմիերաներով` կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
2021-ին երգչախումբը մասնակցեց Իտալիայի Ravenna festival-ին, որին հաջորդեց նույն ծրագրով ելույթը Երևանի օպերային թատրոնում՝ աշխարհահռչակ դիրիժոր՝ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ:
ՀՊԿԵ իրագործում է բարեգործական ծրագրեր` բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով հանդես գալով ուսումնական հաստատություններում և Հայաստանի մարզերում: