Հայաստանը Բեռլինում նշում է Արամ Խաչատրյանի հոբելյանը
Հայ խոշորագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակի առիթով, Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը նոյեմբերի 28-ին՝ Բեռլինի Konzerthaus համերգասրահում (Gendarmenmarkt) կազմակերպել էր համերգ-հանդիսություն, որտեղ ելույթ ունեցավ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցած այդ երեկոն իր ներկայությամբ պատվեց Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանը:
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր լրիվ կազմով հանդես եկած Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց բովանդակալից ծրագիր:
Երեկոն սկսվեց Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտի կատարումով:
Առաջին իսկ տակտերից ակնհայտ էր դիրիժորի և նվագախմբի խորը փոխըմբռնումն ու սերտ համագործակցությունը, որը գոյացել է նրանց 18 տարվա համատեղ աշխատանքի ընթացքում: Ողջ երեկոյի ընթացքում նվագախումբը զուսպ շարժումներով ղեկավարող Էդուարդ Թոփչյանն ապացուցեց բարդ ստեղծագործությունների մեկնաբանման իր կարողությունը և համապատասխանությունը միջազգային կատարողական չափանիշներին:
Արամ Խաչատրյանի Ջութակի և նվագախմբի համար գրված ռե մինոր կոնցերտը նվագելիս, Բեռլինում ուսում առած հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաջողությամբ հաղթահարեց այս հազվագյուտ հնչող ստեղծագործության գեղարվեստական և տեխնիկական բարձր պահանջները: Ընդառաջելով ներկաների բուռն ծափահարություններին, Սերգեյ Խաչատրյանը, որ հայտնի է Բախի ստեղծագործությունների իր մեկնաբանությամբ, այս անգամ որպես «բիս» ներկայացրեց 11-րդ դարի միջնադարյան ստեղծագործող Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավուն» մեղեդին, որը զարմանալի կոնտրաստ առաջացրեց քիչ առաջ հնչած Ջութակի կոնցերտի հետ: Իր բնական պարզությամբ և քնարական նրբությամբ աչքի ընկնող այս հոգևոր երգը խորապես հուզեց հանդիսականներին:
Ընդմիջումից հետո նվագախումբը ներկայացրեց Դմիտրի Շոստակովիչի թիվ 5 ռե մինոր (երկ 47) սիմֆոնիան, որը բարդ պահանջներ է ներկայացնում մեկնաբանողներին: Փայլուն պղնձյափողային խումբը, անվրեպ հարվածայինները, վիրտուոզային փայտյափողայինները և ջերմորեն հնչող լարայինները լիարժեք հաղթահարեցին Բեռլինի Konzerthaus-ի բոլորին հայտնի բարդ ակուստիկան:
Հայասանի Ազգային նվագախումբը ըստ արժանվույն դասվում է Եվրոպայի լավագույն նվագախմբերի շարքին: Երեկոյի ընթացքում ներկայացված բոլոր ստեղծագործություններում, ներառյալ որպես «բիս» կատարված Խաչատրյանի «Դիմակահանդեսի» վալսը, զգացվեց նվագախմբի արտիստների տպավորիչ էներգետիկան, որի մեջ զարմանալիորեն գերիշխող էր կին երաժիշտների չափաբաժինը (ի տարբերություն եվրոպական այլ նվագախմբերի): Ցավոք, Բեռլինի նվագախմբերում կին կոնցերտմայստերի առկայությունը բացառիկ երևույթ է:
Շնորհիվ դեսպան Աշոտ Սմբատյանի մշակույթի հանդեպ ունեցած մեծ և անկեղծ նվիրվածությանը, հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու երաժշտական բացառիկ երեկո:
Պրոֆ. Քրիստիան Կոմիչաու
Պոցդամի համալսարան