Ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանը ճանաչում գտած Almazian Symphony-ի գեղարվեստական ղեկավարն է և մենակատարը: Այս անսամբլը նա հիմնել է 2017-ին՝ սերբ թավջութակահար Տամարա Սավիչի հետ համատեղ: Խմբում ներգրավված են բարձրակարգ երաժիշտներ:
2013-ին Almazyan Symphony-ն և նրա ղեկավարը, միանալով Sony Music Entertainment-ին, թողարկեցին իրենց առաջին ալբոմը՝ Ֆրանսիայի հեռուստատեսության և ֆրանսիական ազգային TV Network-ի հետ համատեղ:
2020-ին Ալմազյանը ներկայացրեց իր նոր՝ «12 ամիս» երաժշտական շոու նախագիծը, որը ներառել է երգեցողություն, խորեոգրաֆիա, ավազի անիմացիա և ասմունք: Նախագծի
պրեմիերան կայացել է հոկտեմբերի 25-ին Բելգրադում, որի հրավիրյալ աստղերն էին օպերային երգչուհի Սվետլանա Ակսյոնովան, բալետի մենապարուհի Տատյանա Տանիչը, ավազի անիմացիայի արտիստ Քսենյա Սիմոնովան և դերասանուհի Սլոբոդա Միկալովիչը:
Գործունեության առաջին տարում Almazian Symphony-ին անվանի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի կողմից հրավիրվել է մասնակցելու Kustendorf Film & Music Առաջին փառատոնի բացմանը:
Մի շարք հաջողված ելույթներից հետո, խումբը ելույթների հրավերներ է ստացել Փարիզի ՅՈՒՆԵՍԿՈ սրահում, Մոսկվայի Բարվիխա համերգասրահում, Բրյուսելի կինոփառատոնի
բացման և փակման արարողություններին, Rhythm of Europe, Skopje Summer, Sea Dance և Ohrid Summer Festival-ներին:
Անսամբլի եռանդուն գործունեության ճանապարհին ուշագրավ էին ելույթները Exit Festival-ում (2008, 2015, 2018), որը պաշտոնապես հայտարարվել էր «Եվրոպայի լավագույն երաժշտական փառատոն»:
Ճանաչման հասնելով որպես նշանակալի անսամբլ, Almazyan Symphony-ն համերգների հրավերներ ստացավ Դուբայից, Հոնգ-Կոնգից, Աթենքից, Ամստերդամից, Երևանից, Անտվերպենից, Բելգրադից և այլ քաղաքներից:
Խ. Ալմազյանն իր անսամբլի և բալետի մենապարող աստղ Սերգեյ Պոլունինի հետ որպես հատուկ հյուրեր հրավիրվեցին Exit Festival-ի 2018թ. բացման արարողությանը: Երեկոյին ներկա էին 44.000 հանդիսատես, ինչը բացառիկ էր փառատոնի պատմության մեջ:
Ալմազյանն ու իր անսամբլի հետ ձայնագրել են Էմիր Կուստուրիցայի վերջերս նկարահանած “On The Milky Road” լայնաֆորմատ ֆիլմի երաժշտությունը, որը գրել է Ստրիբոր Կուստուրիցան: Այս ֆիլմում Խաչատուրը հանդես է եկել նաև որպես դերասան՝ ընկերակցելով իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչիին:
Խաչատուր Ալմազյանը ծնվել է Հայաստանում՝ երաժշտական ընտանիքում: Կրթությունը ստացել է Չայկովսկու անվ. դպրոցում (ՀՀ վաստակավոր ուսուցիչ պրոֆ. Պետրոս Հայկազյանի դասարան) և Երևանի կոնսերվատորիայում (պրոֆ. Վիլլի Մոկացյանի դասարան): Կատարելագործվել է Իգոր Օյստրախի մոտ՝ Բրյուսելի Royal Conservatory-ում, Միշա Քեյլինի մոտ՝ Նյու Յորքում և Էդուարդ Վուլֆսոնի մոտ՝ Փարիզում:
1997թ. հաղթող է ճանաչվել Բելգիայի Ռադիոյի և հեռուստատեսության երաժշտական մրցույթում:
Ալմազյանը որպես մենակատար ելույթներ է ունեցել և ձայնագրություններ կատարել. Shanghai Symphony, National Orchestra of Belgium, Belgian Radio Philharmonic, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ, Ontario Philharmonic, Charlemagne Orchestra, I Fiamminghi, Orchestre Royal de Chambre de Wallonie, Moravian Philharmonic, Virtuosi di Praga, Royal Scottish Symphony, State Philharmonic of Chihuahua, Vojvodina Symphony, Philharmonie der Nationen, Geneva Soloists, Dubrovnik Symphony, «Հայաստանի վիրտուոզներ», Հայաստանի պետական կամերային նվագախմբի և այլ նվագախմբերի հետ: Համագործակցել է Ժիլբեր Վարգայի, Յուստուս Ֆրանցի, Մարկո Պարիսոտտոյի, Սաուլյուս Սոնդեցկիսի, Կոնստանտին Օրբելյանի, Ռուդոլֆ Վերթենի, Էդուարդ Թոփչյանի, Ֆրանկ Շիփվեյի և այլ անվանի դիրիժորների հետ:
Ելույթներ է ունեցել Կոլյա Բլախերի, Պոլինա Լեշչենկոյի, Վոլթըր Նոթասի, Նարեկ Հախնազարյանի, Ալեքսանդր Բուզլովի, Քրիստիան Բորի, Ֆրանս Սփրինգուելի, Օլեգ Պոլյանսկու, Ալեքսանդր Մարկովիչի և այլ հայտնի կատարողների հետ:
Որպես մենակատար և կամերային երաժիշտ Ալմազյանը մասնակցել է Schleswig-Holstein, Rheingau, Festival Van Vlaanders, Les Musicales de Beloeil, Ost-West-Musikfest, Finca, Լիոնի, Մալթայի, Մենթոնի և այլ հեղինակավոր փառատոների:
2019 թ. Kustendorf Classic Festival-ում Խաչատուր Ալմազյանը հանդես է եկել Ջովանի Սոլիմայի՝ ջութակի, թավջութակի և նվագախմբի համար գրված “Tarantulae Cadenzas”
ստեղծագործության համաշխարհային պրեմիերայով՝ հայտնի թավջութակահար (և իր զարմիկ) Նարեկ Հախնազարյանի հետ:
Խ. Ալմազյանը հայտնի է նաև իր կազմակերպչական գործունեությամբ (մասնավորապես համերգների և փառոտոների կազմակերպում, այդ թվում Էմիր Կուստուրիցայի և իր No Smoking Orchestra-ի երկու հյուրախաղերը Հայաստանում): Նրա հետաքրքրությունների շրջանակում է համագործակցությունը արհեստական բանականության և ժամանակակից
տեխնոլոգիաներով աշխատող կոմպոզիտորների հետ:
Ալմազյանն ամերիկյան Sonoris ֆիրմայում թողարկել է երկու ալբոմ: Նա հաջորդաբար նվագում է երկու գործիքներով՝ Ջուզեպե Գալիանոյի 1774-ին կերտած ջութակով, որը նրան տրամադրել է Ara Simonian Private Collection-ը և Gand & Bernardel-ի 1886-ին կերտած ջութակով, որը տրամադրել է Գարնիե ընտանիքը: