«Գլեն Գուլդի Մոսկվա այցելությունից և Վեն Կլայբերնի՝ Չայկովսկու անվան մրցույթում հաղթելուց ի վեր, ոչ մի ուրիշ օտարազգի դաշնակահար չի առաջացրել այդպիսի հետաքրքրություն, ինչպես Լյուկա Դեբարգը»:
Օլիվեր Մելամի, THE HUFFINGTON POST
«Լյուկա Դեբարգի արվեստը սոսկ դաշնամուրային նվագ չէ, այլ հնչյունի փիլիսոփայություն»: LE DEVOIR
Լյուկա Դեբարգի անհավատալի օժտվածությունը, արտիստական մոտեցումը և ստեղծագործական ազատությունը բացահայտվեցին Չայկովսկու անվան մրցույթում (2015թ.)՝ արժանանալով Մոսկվայի երաժշտական քննադատների հեղինակավոր մրցանակին:
Այսօր Լյուկան հանդես է գալիս առաջատար նվագախմբերի հետ ամենահեղինակավոր համերգասրահներում. Carnegie Hall, Chicago Symphony Hall, Kennedy Center, Սիեթլի Benaroya Hall, Բոստոնի Jordan Hall և Sanders Theatre, Մոնրեալի Maison de la Musique, Տորոնտոյի Royal Conservatory, Փարիզի Theatre des Champs Elysées և Philharmonie de Paris, Լոնդոնի Wigmore Hall և Royal Festival Hall, Berlin Philharmonic, Ամստերդամի Concertgebouw, Տոկիոյի, Պեկինի, Շանհայի, Տայպեի, Սեուլի համերգասրահներ և, իհարկե Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգասրահ:
Լյուկա Դեբարգը մշտապես համագործակցում է Վալերի Գերգիևի, Միխայիլ Պլետնյովի, Վլադիմիր Յուրովսկու, Անդրեյ Բորեյկոյի, Տուգան Սոխիևի, Վլադիմիր Սպիվակովի, Բերտրան դե Բիլլի և այլ անվանի դիրիժորների հետ:
Կամերային երաժշտության ասպարեզում նրա գործընկերներն են Գիդոն Կրեմերը, Յանին Յանսենը և Մարտին Ֆրոստը:
Լյուկա Դեբարգը ծնվել է 1990-ին: Նա հաջողությանը հասնելու չափազանց անսովոր ճանապարհ է անցել:
Տասը տարեկանից նրա հետաքրքրությունների շրջանակն ընդգրկել է ոչ միայն դասական երաժշտությունը, այլև գրականությունն ու փիլիսոփայությունը:
Դեբարգի համար բախտորոշ դարձավ հանդիպումը հայտնի մանկավարժ Ռենա Շերեշևսկայայի հետ:
Պատանի երաժշտի զարգացման ճանապարհին ոգեշնչման աղբյուր են եղել գրականությունը, կերպարվեստը, կինոն, և ջազը: Դասական երկացանկի կողքին Դեբարգը հետաքրքրություն է ցուցաբերում հանիրավի մոռացված կոմպոզիտորների ստեղծագործությունների հանդեպ:
Որպես կոմպոզիտոր Լյուկա Դեբարգը ստեղծել է ավելի քան 20 ստեղծագործություն մենանվագ դաշնամուրի, ինչպես և կամերային անսամբլների համար:
Այս գործերի թվում են Orpheo di camera concertino-ն դաշնամուրի, հարվածայինների և լարային նվագախմբի համար և Դաշնամուրային տրիոն՝ ստեղծված Փարիզի Louis Vuitton հիմնադրամի հովանավորությամբ: Kremerata Baltica կամերային նվագախմբի պատվերով Լյուկա Դեբարգը աշխատում է կամերային օպերայի վրա:
Sony Classical ֆիրման թողարկել է դաշնակահարի վեց ալբոմներ՝ Սկարլատիի, Բախի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Լիստի, Ռավելի, Մետների և Շիմանովսկու ստեղծագործությունների ընդգրկումով:
Դեբարգի չորս ձայնասկավառակից կազմված Սկարլատի ալբոմը (2019) բարձր գնահատանքի է արժանացել The New York Times պարբերականի կողմից:
2021-ին թողարկվել է լեհ կոմպոզիտոր Միլոշ Մագինի գործերից կազմված ալբոմը՝ Kremerata Baltica նվագախմբի կատարմամբ և Գիդոն Կրեմերի ղեկավարությամբ:
Մարտին Միրաբելի հեղինակած «Դեպի երաժշտություն» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Լյուկա Դեբարգի Չայկովսկու մրցույթին մասնակցությանը, ցուցադրվել է Բիարիցի կինոփառատոնին 2018 թվականին: