Թ. Զանդերլինգը ծնվել է Նովոսիբիրսկում, հայտնի դիրիժոր Կուրտ Զանդերլինգի ընտանիքում: Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցը, ապա և Բեռլինի Հանս Այսլեր բարձրագույն երաժշտական դպրոցը:
24 տարեկանում դարձել է Հալլեի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Հետագայում ղեկավարել է Արևելյան Գերմանիայի առաջատար սիմֆոնիկ նվագախմբերը, ինչպիսիք են Դրեզդենի պետական կապելլան և Լայպցիգի Gewandhaus Orchestr-ը: Եղել է Հերբերտ ֆոն Կարայանի և Լեոնարդ Բերնսթայնի ասիստենտը:
1980-ից դարձել է Բեռլինի պետական օպերայի մշտական հրավիրյալ դիրիժորը և Վիեննայի պետական օպերայի դիրիժոր:
Աշխատակցել է առաջատար նվագախմբերի հետ. Շոտլանդիայի սիմֆոնիկ նվագախումբ, BBC նվագախումբ, Բալթիմորի սիմֆոնիկ նվագախումբ, Բավարիայի ռադիոյի նվագախումբ, Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախումբ, Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Բեռլինի Konzerthausorchester, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հյուսիս-գերմանական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ, Լոնդոնի Philharmonia և այլ նվագախմբեր:
Որպես Օսակայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր երկու անգամ արժանացել է քննադատների Գրան Պրի մրցանակի և ցմահ Երաժշտական պատվավոր ղեկավարի տիտղոսի:
Տարիների ընթացքում հաղորդակցվել է Շոստակովիչի հետ և կատարել նրա գործերը (առաջին անգամ ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ): Կոմպոզիտորը Զանդերլինգին է վստահել իր թիվ 13 և թիվ 14 սիմֆոնիաների տեքստերի գերմաներեն թարգմանությունը և կատարումը Գերմանիայում: Զանդերլինգը նաև իրականացրել է Շոստակովիչի «Միքելանջելո Բոանարոտիի սոնետները» սյուիտի պրեմիերային ձայնագրությունը, ինչպես և ղեկավարել է կոմպոզիտորի «Անգլիական բանաստեղծների խոսքերով 6 երգ» և «Անգլիական և ամերիկյան ժողովրդական 8 երգ» երգաշարերի կատարումը, որոնք ձայնագրվել են 2012-ին «Օրփեոս» ֆիրմայում: Շոստակովիչի այրի՝ Իրինա Շոստակովիչի նախաձեռնությամբ Զանդերլինգը իրականացրել է «Միքելանջելոյի սոնետների» իտալերեն տարբերակի կատարումը:
Որպես դիրիժոր Զանդերլինգը հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում, Բեռլինի Deutsche Opera-ում, Բավարիայի պետական օպերայում, Համբուրգի պետական օպերայում, Ռուսաստանի Մեծ թատրոնում, Մարիինյան թատրոնում, Դանիայի թագավորական օպերայում, Ֆիննական Ազգային օպերայում, Լա ֆենիչե թատրոնում և Նիցցայի օպերայում:
Նա համագործակցել է հայտնի ձայնագրման ֆիրմաների հետ. Deutsche Grammophon, Sony Classical, Naxos, BIS, Chandos, Audite և Berlin Classics: Իր ձայնագրությունների համար բազմիցս արժանացել է պարգևների. Կաննի և INMA մրցանակներ: Նոմինացվել է նաև GRAMMY մրցանակի:
2007-ին Զանդերլինգը դարձել է Նովոսիբիրսկի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը, իսկ 2022-ին՝ նույն կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:
2021-ին տեղի է ունեցել Զանդերլինգի հատուկ համերգը Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Լոնդոնի Philharmonia նվագախմբի հետ ձայնագրել է Ստրավինսկու և Սիբելիուսի երկերը: Համագործակցել է նաև Սաքսոնիայի պետական կապելլայի և Բեռլին Konzerthaus նվագախմբի հետ: 2022-ին Զանդերլինգը ղեկավարել է Դորտմունդի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էստոնիայի Ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Սաարլենդի պետական նվագախումբը և հատուկ հեռուստատեսային համերգ՝ նվիրված Ուկրաինային՝ Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (Վերդի՝ Ռեքվիեմ):