1996թ. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիմնադրած Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակում գտել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում՝ ճանաչվելով որպես Հայաստանի երգչախմբային հեղինակավոր կոլեկտիվ: 2009թ. երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախումբ (ԵՊԿԵ):
ԵՊԿԵ-ն բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում և արտերկրում: «Գերմանիայում հայ մշակութային օրերի» շրջանակներում երգչախումբը փայլուն ներկայացրել է Կոմիտասի վերականգնված պատարագը, ինչպես նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունները Բոննում, Հալլեում, Վիտենբերգում և Մագդեբուրգում, ապա Սիրիայում և Լիբանանում (1998թ.):
1999թ. երգչախումբը ներկայացրեց Տիգրան Մանսուրյանի «Արվեստ քերթության» (Ars Poetica) կոնցերտի պրեմիերան և ձայնագրեց ձայնասկավառակ։
Երգչախմբի հետ ելույթ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ՝ ջութակահար Կիմ Քաշքաշյանը, սաքսոֆոնահար Յան Գարբարեկը, «Լա Սկալա» թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու երգչախումբը՝ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ, «Frankfurter Kantorei»-ն՝ Ուինֆրիդ Թոլի ղեկավարությամբ։
ԵՊԿԵ-ն «Լույս ի լուսո» նախագծի շրջանակներում ականավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է դաշնամուրի և երգչախմբի համար դաշնակահարի մշակած հոգևոր երաժշտության ալբոմը (2014թ., ECM Records):
2015թ. Տ. Համասյանը և երգչախումբը բազմաթիվ հյուրախաղեր են ունեցել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ Թուրքիայում և Վրաստանում:
Երգչախումբն առաջին անգամ կատարել է Կոմիտասի «Բեռլինյան պատարագը» (2012թ.), Կարա Մուրզայի առաջին բազմաձայն պատարագը (2013թ.) և Ա. Այտնյանի և Ջ. Բյոմի «Մխիթարյանց պատարագը» (2014թ.):
Երգչախումբը թողարկել է 16 ձայնասկավառակ, այդ թվում՝ «ԿՈՄԻՏԱՍ վարդապետի երաժշտությունը» ձայնասկավառակը, որը Գլենդելում կայացած 3-րդ ամենամյա հայ երաժշտության մրցանակաբաշխությանն արժանացել է «Լավագույն ավանդական ալբոմ» մրցանակին:
2021-ից ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբավարը Քրիստինա Ոսկանյանն է։