Դ. Շոստակովիչ: Ջութակի կոնցերտ թիվ 1, լա մինոր, երկ 77 (1948թ.)
Առաջին կատարումը` Լենինգրադ, 1955, մենակատար`
Դ. Օյստրախ, դիրիժոր` Ե. Մրավինսկի: Այս ստեղծագործությունը յուրատեսակ սիմֆոնիա է ջութակի և նվագախմբի համար, որը շարունակում է դեռևս Բեթհովենի հիմնադրած` սիմֆոնիզացված կոնցերտի ավանդույթը: Կոնցերտի հիմքում ընկած նշանակալի գաղափարն իրեն զգացնել է տալիս քառամաս կոմպոզիցիայում:
Խորը մտորում արտահայտող Նոկտյուրնը, սուր համահնչյուններով հագեցված Սկերցոն, վեհաշունչ Պասակալիան իրենց հանգուցալուծումն են ստանում եռուն ուժերով առլեցուն Բուռլեսկում, որտեղ հնչում են նաև նախորդ մասերի թեմաները: «Այս ստեղծագործությունը ջութակահարի առջև լայն հեռանկարներ է բացում ոչ միայն վիրտուոզային հնարավորությունների, այլ նախ և առաջ` ամենախորը զգացմունքների, մտքերի ու տրամադրությունների բացահայտման համար», — գրել է Դ. Օյստրախը: