Գ.Մալեր: «Տղայի հրաշալիքների եղջրափողը» երգաշար
մեցցո-սոպրանոյի, բարիտոնի և սիմֆոնիկ նվագախմբի
համար, 1895թ. Ավստրիացի ականավոր կոմպոզիտոր Գուստավ Մալերի
ստեղծագործական ժառանգության մեջ կենտրոնական տեղ
ունեն նրա 10 սիմֆոնիաները և երեք երգաշարերը: Այս
ժանրերը փոխներթափանցում են, քանի որ երգաշարերը
գրված են սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, իսկ
սիմֆոնիաներում օգտագործվում են երգաշարերից քաղված
մեղեդիներ և ամբողջական երգեր: <Տղայի հրաշալիքների
եղջրափողը> երգաշարի հիմքում համանուն եռահատոր
ժողովածուի տեքստերն են, որոնք գրի են առնվել անխոնջ
մշակների՝ Առնիմի և Բրենտանոյի ջանքերով Գերմանիայի
տարբեր վայրերում և ամփոփում են ժողովրդական
բանաստեղծությունների, ասույթների և լեգենդների շուրջ
700 արժեքավոր նմուշներ: Այդ ժողովածուն կարևոր դեր
խաղաց գերմանական արվեստում` գրավելով տարբեր
կոմպոզիտորների ուշադրությունը և բարձր գնահատական
ստանալով Գյոթեի, Հայնեի և այլ ականավոր գործիչների
կողմից: Բնականաբար, այդ թվով բանաստեղծական
նյութերը չէին կարող ունենալ միասնական սյուժետային
առանցք, ինչը Մալերին թույլ տվեց ընտրություն կատարել
իր նախասիրություններին և փիլիսոփայական
մտորումներին համապատասխան: Տասներկու համարից
բաղկացած երգաշարում գտնում ենք ամենատարբեր
բովանդակության տեքստեր. Գիշերային զինվոր ժամապահի
մտորումներից սկսած մինչև սովամահ եղած երեխայի
կերպարը, բանտարկյալի տխուր երգից մինչև Սուրբ
Անտոնիոսի մասին առասպելը, որի ձկներին ուղղված
քարոզը չհասավ իր նպատակին և այլ տեքստեր (երգերի
անվանումները բերվում են ծրագրում): Մալերի պատմական
ծառայությունն այն է, որ նա ստեղծել է սիմֆոնիզացված
երգաշար, որտեղ մեներգիչների երգաբաժինները լրացվում
են նվագախմբային գործիքների բազմազան երանգներով: