Ավստրիացի ականավոր կոմպոզիտոր Անտոն Բրուքների ժառանգության մեջ կենտրոնական տեղ ունեն նրա ինը մեծակերտ սիմֆոնիաները: Կոմպոզիտորը մշակել է սիմֆոնիայի կառուցվածքի իր ուրույն տեսակը, որն իր հիմքում ունենալով վիեննական դասականների սիմֆոնիաների քառամաս ցիկլը, միաժամանակ հագեցել է բոլորովին նոր կերպարային և երաժշտական բովանդակությամբ: Այսօր ներկայացվող թիվ 2 սիմֆոնիայում Բրուքները ի հայտ է բերում մասերի այն հաջորդականությունը, որին հավատարիմ էր մնալու նաև իր հաջորդ սիմֆոնիաներում (1. Moderato; 2. Andante; 3. Scherzo; 4. Finale): Արդեն այս սիմֆոնիայում իրեն զգացնել տվեց բրուքներյան սիմֆոնիաների անսովոր մեծ ծավալը (1 ժամից ավելի տևողությամբ), գործիքավորման գերհագեցվածությունը՝ վագներյան նվագախմբի բացահայտ ազդեցությամբ, պղնձյափողայինների գերակշիռ դերով և այլն: Պատահական չէ, որ սիմֆոնիայի առաջին կատարումը՝ նախատեսված դիրիժոր Օտտո Դեսոֆֆի և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ (1872թ.) չիրականացավ, քանի որ երաժիշտները անհնարին համարեցին նմանօրինակ բարդ գործի կատարումը: Բրուքների թիվ 2 սիմֆոնիայի պրեմիերան կայացավ մեկ տարի անց՝ 1873-ին, նույն Վիեննա ֆիլհարմոնիկի կատարմամբ, այս անգամ հեղինակի ղեկավարությամբ: Հետագայում Բրուքները անդրադարձել է այս սիմֆոնիային, ստեղծելով նորանոր՝ ավելի կատարյալ տարբերակներ: Այսօր կհնչի 1877 թվականի տարբերակը: