Արսեն Սողոմոնյանը մեծ հեղինակություն է ձեռք բերել դրամատիկական տենորի իր երկացանկով: Նրա դեբյուտը որպես տենոր կայացել է 2017թ. մարտին՝ Կավարադոսիի դերերգով («Տոսկա») Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի օպերային թատրոնում և արժանացել է բարձր գնահատանքի: Այնուհետև Սողոմոնյանը հրավիրվել է Բեռլին՝ հանդես գալու Օթելլոյի դերերգով Վերդիի համանուն օպերայում, Berliner Philharmoniker-ի հետ: Սողոմոնյանի բեմելը Իտալիայում կայացել է Կանիոյի դերերգով՝ Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայում, Նեապոլի Teatro San Carlo օպերային թատրոնում: Դրան հաջորդեց նրա դեբյուտը Լոնդոնի Opera Rara թատրոնում Ռոբերտոյի դերերգով՝ Պուչինիի «Վիլիսաներ» օպերայում: 2019-ին կայացել է Արսեն Սողոմոնյանի ելույթը Օթելլոյի դերերգով Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվ. թատրոնում, իսկ 2020/21 համերգաշրջանում նույն դերերգով կայացել է նրա ելույթը Bayerische Staatsoper-ում:
2019/20 համերգաշրջանում Արսեն Սողոմոնյանը կրկին հանդես է եկել Նեապոլում Կավարադոսսիի դերերգով: Ելույթ է ունեցել նաև Մյունխենի Bayerische Staatsoper-ում և Ավստրիայում՝ Օթելլոյի դերերգով:
2021-ի ամռանը Սողոմոնյանը մեկ համերգով հանդես է եկել Էլինա Գարանչայի հետ Եվրոպայում: 2021/22 համերգաշրջանում նա Լոնդոնի Opera Rara-ում մասնակցել է Լեոնկավալլոյի «Գնչուներ» օպերայի համերգային կատարմանը: Դրան հաջորդեց Սողոմոնյանի հաղթական դեբյուտը Հերմանի դերերգով ՝ Չայկովսկու «Պիկ թագուհին» օպերայում Բադեն-Բադենի Festspielhaus օպերային թատրոնում, ինչպես և նրա ելույթը Berliner Philharmoniker-ի հետ՝ Կիրիլ Պետրենկոյի ղեկավարությամբ:
2022-ի գարնանը Արսեն Սողոմոնյանը հանդես է եկել Bayerische Staatsoper-ում Օթելլոյի դերերգով:
Արսեն Սողոմոնյանը ծնվել է 1983-ին՝ Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան՝ պրոֆ. Ռաֆայել Հակոբյանցի դասարան: Սովորելու ընթացքում Արսենը հանդես է եկել բարիտոնային երկացանկով (Ֆիորելլոյի դերերգ Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայում ՀԱՖՆ-ի ընկերակցությամբ և Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ):
Այնուհետև Արսեն Սողոմոնյանին հրավիրեցին Երևանի օպերային թատրոն որպես բարիտոնային առաջատար դերերգերի կատարող:
2006-ին Սողոմոնյանին շնորհվել է ՀՀ Նախագահի մրցանակ: Նա արժանացել է նաև Պավել Լիսիցյանի անվ. օպերային երգիչների միջազգային մրցույթի Առաջին մրցանակին (Վլադիկավկազ), որտեղ ստացել է նաև Պավել Լիսիցյանի ընտանիքի սահմանած Հատուկ մրցանակը և արժանացել Լիսիցյանի վարպետության դասընթացին մասնակցելու պատվին:
Նրա տենորային դեբյուտին նախորդել է աշխատանքը Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնում՝ բարիտոնային առաջատար երկացանկով (Ֆիգարո, Ժերմոն, Բելկորե, Ելեցկի, Նապոլեոն և այլ դերերգեր):
Սողոմոնյանը հանդես է եկել նաև Մոսկվայի Մեծ թատրոնում որպես հրավիրյալ արտիստ: Համագործակցել է անվանի դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովի, Ֆելիքս Կորոբովի, Տուգան Սոխիևի, Ալբերտո Զեդդայի, Սըր Մարկ Էլդերի և այլ դիրիժորների ղեկավարությամբ:
Արսեն Սողոմոնյանի բարիտոնային դերերգերի թվում են. Դոն Ալվարո՝ («Ճակատագրի ուժը»), Ռիկկարդո («Պատրահանդես-դիմակահանդես»), Կալաֆ («Տուրանդոտ») և այլ դերեր: