Բրիտանական Opera Now ամսագիրն Անուշ Հովհաննիսյանին անվանել է «օպերայի ապագա», The Times օրաթերթը` «2020թ-ին օպերայի դեմքը», իսկ Գերմանական Der Theaterverlag թատերագիրքը՝ «2020թ. ամենաանվանի արտիստներից մեկը»: Միջազգային Օպերային Մրցանակաբաշխության կոմիտեն (International Opera Awards) նրան առաջադրել է 2017թ-ի Լավագույն Երիտասարդ Արտիստ կոչմանը:
Բրիտանահայ սոպրանո Անուշ Հովհաննիսյանը իր ստեղծագործական գործունեությունը սկսել է Լոնդոնի Թագավորական Քովենթ Գարդեն Օպերային Թատրոնի <<Յեթե Փարքեր>> արտիստների ծրագրում:
Ի թիվս բազմաթիվ մրցանակների Անուշն արժանացել է Stella Maris միջազգային մրցույթի պատվավոր առաջին մրցանակին, Deutsche Grammophon-ի և Royal Danish Opera-ի հատուկ մրցանակներին: Նա նաեւ առաջին մրցանակակիր է Էռնստ Հեֆլիգերի անվան շվեյցարական միջազգային մրցույթում և Հայաստանի ներկայացուցիչն է եղել Բրիտանական Հեռարձակող Կորպորացիայի` BBC Cardiff Singer of the World (2017) մրցույթում:
Անուշի այցեքարտային դերերգերից է Վիոլետան՝ «Տրավիատա» օպերայում: Վերջերս այս դերերգով նա հանդես է եկել Քովենթ Գարդեն Թագավորական օպերային թատրոնում, Իսրայելի օպերայում և Դանիայի Թագավորական օպերային թատրոնում: Դրան հաջորդել է Անուշի ելույթները Քովենթ Գարդեն թատրոնում Մյուզեթի (Բոհեմ) դերերգով և Ուելսի Ազգային թատրոնում Միմիի (Բոհեմ) դերերգով:
Վերջերս կայացած նրա առաջնախաղային դերերից է Էմման՝ Խովանշչինա (Opéra National de Paris), Պարաշան՝ Մարֆա (Scottish Opera), Տատյանան՝ Եվգենի Օնեգին (Opera Holland Park), Լեոնորան՝ Օբերտո (Chelsea Opera Group) և Լիզան՝ Պիկ թագուհի (The Grange Festival) օպերաներում:
Անուշ Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել անվանի դիրիժորների ղեկավարությամբ. Սեմյոն Բիչկով, Էդվարդ Գարդներ, Դեն Էթինգեր, Ջանլուիջի Ջելմետտի, Պաոլո Կարինյանի, Նիկոլա Լուիզոտտի, Դանիել Օրեն, Կառլո Ռիցցի, Էսա-Պեկկա Սալոնեն, Սըր Անտոնիո Պապպանո և այլք:
Անուշի ձայնագրությունների ու կենդանի հեռարձակումների թվում են Շոստակովիչի թիվ 14 սիմֆոնիան, Խովանշչինա օպերան (Էմմայի դերերգով, BBC Symphony Orchestra), Ռիմսկի-Կորսակով (Ռոմանսներ, Stone Records — The Times շաբաթաթերթի <Շաբաթվա ալբոմ>):
Անուշը Շոտլանդիական Օպերա Կալեդոնիա կազմակերպության խորհրդատուն է, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Ազգային Օպերային Ուսանողական Կազմակերպության խորհրդի անդամ է: Նա նաև նորաստեղծ Armenian Opera Workshop հայկական օպերային հարթակի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: