Ծնվել է Երևանում, երաժշտական հարուստ ավանդույթներ ունեցող ընտանիքում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (պրոֆ. Վիլլի Սարգսյանի դասարան): Կատարելագործվել է Բրյուսելի Conservatoire Royal-ում՝ պրոֆ. Եվգենի Մոգիլևսկու ղեկավարությամբ և Լոնդոնի Royal Academy of Music-ում՝ պրոֆ. Պասկալ Նեմիրովսկու ղեկավարությամբ: Արժանացել է Accademia Chigianain Siena-ի Պատվո դիպլոմին: Բելգիայի Emmanuel Durlet դաշնամուրային մրցույթի դափնեկիր է: Մասնակցել է Պաուլ Բադուրա-Սկոդայի, Միշել Կամպանելլայի, Լազար Բերմանի, Լեվ Նաումովի և Սթիվըն Հաֆի վարպետության դասընթացներին: Մենահամերգներով և կամերային անսամբլների կազմում ելույթներ է ունեցել հեղինակավոր համերգասրահներում (Wigmore Hall, Royal Festival Hall, St. Martin-in-the-Fields, Տոկիոյի Santori Hall, Բրյուսելի Grande Salle du Conservatoire Royal, Փարիզի Gavot Hall և այլ սրահներ):
Որպես մենակատար ելույթներ է ունեցել London Soloists Orchestra, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի հետ (Մոցարտի, Բեթհովենի, Ռավելի, Ռախմանինովի, Խաչատրյանի և այլ կոնցերտներ): Ա. Չաուշյանը միջազգային փառատոների մասնակից է (Farley Music Festival, Cheltenham Festival, Blackthorpe Barn Festival, Newbury Festival և այլ փառատոներ): Նա հիմնադրել է Fugata Quintet-ը (Մեծ Բրիտանիա): Եղել է միջազգային մի շարք մրցույթների ժյուրիի անդամ: