Շուման և Բրամս

Հուլիսի 5 19:00
Արամ Խաչատրյան համերգասրահ
Ծրագիր
Առաջին կատարողը դարձավ Կլարա Շումանը Դրեզդենում (1845, դիրիժոր` Ֆ. Գիլլեր) և Լայպցիգում (1846, դիրիժոր` Ֆ. Մենդելսոն):
Դաշնամուրի կոնցերտը ծրագրելիս Շումանը գրել է. «Այս գործը ներառելու է սիմֆոնիայի, կոնցերտի և մեծ սոնատի հատկանիշներ: Չէի ցանկանա գրել կոնցերտ վիրտուոզների համար: Պետք է մտածել ինչ որ նոր բան»: 1841-ին գրված առաջին մասը սկզբում ծրագրված էր որպես միամաս ինքնուրույն ստեղծագործություն` «Ֆանտազիա» վերտառությամբ: Ավելի ուշ` 1845-ին, փոխելով իր մտադրությունը, Շումանն ավելացրել է ևս երկու մաս (Ինտերմեձո և Ֆինալ)` դրանով իսկ ամբողջացնելով իր մտահղացումը: Դա կոնցերտի ժանրի բոլորովին նոր լուծում էր, որի հիմքում ոչ թե դրամատիկական կերպարների հակադրությունն է, այլ զգացմունքների բազմազանությունը` մերթ առնական և քնարական, մերթ քմահաճ և քնքուշ:
Ընդմիջում
Առաջին կատարումը` 1877, Վիեննա, դիրիժոր` Հանս Ռիխտեր: Ժամանակակիցները Բրամսի թիվ 2 սիմֆոնիան անվանել են «Հովվերգական» (այս անվանումը ավելի քան պայմանական է): Ստեղծագործությունը գրվել է Բրամսի կյանքի երջանիկ օրերին, բնության գրկում ամառային հանգստի պահին: Ինչպես միշտ, կոմպոզիտորը դիմել է դասական քառամաս ցիկլի կառույցին: 1-ին մասը հենվում է վիեննական վալսի դարձվածքներին: 2-րդ մասը Բրամսի փիլիսոփայական քնարերգության հիանալի նմուշ է: 3-րդ մասը հիշեցնում է ավստրիական ավանդական լենդլեր պարը: Եզրափակիչ 4-րդ մասը ժողովրդակենցաղային տեսարանների շարան է, որն ավարտվում է փայլուն ապոթեոզով: Հույս, հավատ, լավատեսական շունչ կա այս սիմֆոնիայի երաժշտության մեջ:
Ծնվել է 1989-ին Մոսկվայում՝ երաժիշտների ընտանիքում: Իբրև դաշնակահար և կոմպոզիտոր սովորել է Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցում, Մոսկվայի կոնսերվատորիայում և ասպիրանտուրայում, որտեղ նրա դասատուներն էին Տ. Կոլոսը, պրոֆեսորներ Ա. Մնդոյանցը և Ն. Պետրովը (դաշնամուր), Տ. Չուդովան և Ա. Չայկովսկին (կոմպոզիցիա): Միջազգային մրցույթների դափնեկիր է. Քլիվլենդ (ԱՄՆ, 2016թ., 1-ին մրցանակ), Պադերևսկու անվ. մրցույթ (Լեհաստան, 2007թ., 1-ին մրցանակ), Վեն Կլայբերնի անվ. մրցույթ (ԱՄՆ, 2013թ., ֆինալիստ): 2012-ից Մնդոյանցը ՌԴ Կոմպոզիտորների միության անդամ է: Առաջին մրցանակի է արժանացել Մյասկովսկու անվ. կոմպոզիտորների միջազգային մրցույթում (2014թ.) և Պրոկոֆևի հիշատակին նվիրված կոմպոզիտորների մրցույթում (2016թ.):
Ն. Մնդոյանցը «Ռուս հրաշամանուկներ» և «Մրցակիցներ» վավերագրական ֆիլմերի հիմնական հերոսներից է (գերմանական Lichtfirm կինոընկերություն):
Ինը տարեկանում Նիկիտան նվագել է իր անդրանիկ մենահամերգը Հելսինկիում՝ Սիբելիուսի անվ. ակադեմիայում: Համերգը ձայնագրվել է “Vista Vera” ֆիրմայի կողմից (թողարկվել է CD):
Ն. Մնդոյանցը մշտապես հանդես է գալիս Եվրոպայում, Ասիայում և ԱՄՆ-ում՝ հեղինակավոր համերգասրահներում. Մոսկվայի կոնսերվատորիայի
hամերգասրահ, Չայկովսկու անվ. համերգասրահ, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի և Մարիինյան թատրոնի համերգասրահներ, Փարիզի Salle Cortot և Auditorium du Louvre, Նյու Յորքի Weil Recital Hall, Բրյուսելի Bozar և այլ համերգասրահներ:
Մնդոյանցը ելույթներ է ունեցել Ռուսաստանի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Սվետլանովի անվ. նվագախմբի, Քլիվլենդի և այլ հայտնի նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Շառլ Դյութուա, Լեոնարդ Սլատկին, Էրի Կլաս, Դմիտրի Սիտկովեցկի, Վլադիմիր Զիվա, Ալեքսանդր Ռուդին, Իգնատ Սոլժենիցին, Մուրադ Աննամամեդով և այլք):
2012-ից Ն. Մնդոյանցը որպես դաշնակահար և կոմպոզիտոր Ֆրանսիայի Վիսամբուրգի միջազգային երաժշտական փառատոնի մշտական մասնակից է, ինչպես և Շոպենի անվան (Լեհաստան), Klavier Festival Ruhr (Գերմանիա), IKIF (ԱՄՆ), Brevard Music Festival (ԱՄՆ), «Лики современного пианизма» (Սանկտ Պետերբուրգ) և այլ փառատոների մասնակից:
Կամերային երաժշտության ասպարեզում Մնդոյանցը համագործակցում է Ալեքսանդր Գինդինի, Միխայիլ Ուտկինի, Վալերի Սոկոլովի, Պատրիկ Մեսիանի, Բորոդինի անվ., Ցեմլինսկու անվ., Շիմանովսկու անվ., Անտրիում, Բրենտանո կվարտետների և այլ անվանի երաժիշտների հետ:
Կոմպոզիտոր Նիկիտա Մնդոյանցի ստեղծագործությունները կատարում են Ա. Ռուդինը Ա. Վինիցկին, Ն. Բորիսոգլեբսկին, Դանիել Հոուփը, Իլյա Գրինգոլցը, Մոսկվայի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, «Օրփեոս» ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Շիմանովսկու անվ. և Ցեմլինսկու անվ. կվարտետները, Musica Viva և այլ հայտնի մենակատարներ և կոլեկտիվներ:
Մնդոյանցի ստեղծագործությունները լույս են ընծայել «Композитор», «Юргенсон» և «Музыка» հրատարակչությունները:
Classical records, Praga digitals և Steinway & Sons ֆիրմաները թողարկել են CD-ներ Ն. Մնդոյանցի կատարմամբ:
Նիկիտա Մնդոյանցը Բ. Չայկովսկու անվան ընկերության Պատվավոր դիպլոմանտ է: 2013-ից նա դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայի գործիքավորման ամբիոնում:
Գրացի համալսարանի երաժշտության պատմության պրոֆեսոր
Musikverein Kärnten-ի և Jeunesse Kärnten-ի գեղարվեստական ղեկավար
SFK Եվրոպական սիմֆոնիկ նվագախմբի (EuroSymphony) գլխավոր դիրիժոր:
Սովորել է Գրացի համալսարանում և Երաժշտության համալսարանում, ինչպես և Տեխասի համալսարանում (Օսթին) որպես Ֆուլբրայթ կրթաթոշակառու: Արժանացել է մագիստրոսի 3 աստիճանի (դասական բանասիրություն, երաժշտական կրթություն և դիրիժորություն, երաժշտագիտություն):
Էռնեստ Հյոցըլը ղեկավարել է ավելի քան 80 միջազգային համբավ ունեցող նվագախմբեր. Վիեննայի Musikverein, Բեռլինի Philharmonie, Զագրեբի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Սլովակիայի ֆիլհարմոնիկ, Պրահայի Ռադիո-սիմֆոնիկ, Բեռլինի Սիմֆոնիկ, Բուդապեշտի Symphony MAV, Վիեննայի Սիմֆոնիկի կամերային նվագախումբ, Մոսկվայի «Новая Россия», Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Մոսկվայի Չայկովսկու անվան և այլ նվագախմբեր: Հանդես է եկել Պրահայի Rudolfinum, Նյու Յորքի Carnegie Hall, Բրազիլիայի Teatro Amazonas, Երևանի Արամ Խաչատրյան, Բոմբեյի National Center for Performing Arts և այլ համերգասրահներում: Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների:
Էռնեստ Հյոցըլը Ավստրիայի Հանրապետության Գիտության և Արվեստի պատվավոր շքանշանակիր է, Ավստրիայի “Gold Merit” շքանշանակիր, Ավստրիայի Շտիրիա նահանգի “Gold Merit” շքանշանակիր և
Ավստրիայի Կարինթիա նահանգի “Grand Merit” շքանշանակիր: