Մեկնարկում է «ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ» կրթամշակութային ծրագիրը
Կարևորելով ՀՀ բոլոր մարզերի և մայրաքաղաք Երևանի դպրոցահասակ երեխաների
– մշակութային կյանքին հաղորդակցման,
– երեխաների շրջանում դասական երաժշտարվեստի հանդեպ հետաքրքրության բարձրացման, ինչպես նաև
– երաժշտության միջոցով գեղագիտական դաստիարակության անհրաժեշտությունը, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը»՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Dasaran կրթական ծրագրի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ իրականացնում են «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը։
Ապրիլի 12-ից, ամեն երկուշաբթի, ժամը՝ 15։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահը իր հյուրընկալ դռները կբացի բոլոր դպրոցականների առջև, ովքեր կարևորում են դասական երաժշտության հետ կենդանի հաղորդակցումը, ցանկանում են բացահայտել նվագախմբային սիմֆոնիկ երաժշտության գաղտնիքները:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և դիրիժոր Ռուբեն Ասատրյանը պատրաստ են երեխաների համար ստեղծել այն առանձնահատուկ մթնոլորտը, որտեղ երեխաները կկարողանան լսել, տեսնել, սովորել և իհարկե վայելել դասական երաժշտություն։
Ծրագրում՝ Ա. Խաչատրյան, Վ. Ա. Մոցարտ, Կ. Խաչատրյան, Յո. Ս. Բախ։
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 4-9-րդ դասարանների աշակերտները և ուսուցիչները ՀՀ ԿԳՄՍ նախարարության Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի միջոցով՝ անվճար հիմունքներով, ինչպես նաև ծրագրի մասնակիցը կարելի է դառնալ ձեռք բերելով տոմսեր «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղից։
Շտապեք ամրագրել Ձեր տեմսերը՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով 077677226: