Դիրիժոր, թավջութակահար, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1945-1960թթ. և 1966-1967թթ.:
Ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (պրոֆ.Կ. Մինյարի թավջութակի դասարան) և Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ.Լ.Գինզբուրգի օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարան):
Երևանի կոնսերվատորիայում 1920-ական թթ.-ին դասավանդել է թավջութակ և կամերային անսամբլ, իսկ Մոսկվայի կոնսերվատորիայում 1934-1945թթ. եղել է օպերային ստուդիայի դիրիժոր: Նրա աշակերտների թվում են եղել անվանի դիրիժորներ Ռաֆայել Մանգասարյանը և Դավիթ Խանջյանը: 1945թ. Երևան վերադառնալուց հետո դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում` ղեկավարելով օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարան և գլխավորելով նվագախմբային գործիքների ամբիոնը:
Որպես ՀՊՖՆ-ի դիրիժոր 1945թ. վերականգնել է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նահանջ ապրած նվագախումբը (հավաքել է նոր կազմ) և նպաստել այդ կոլեկտիվի անհատական ստեղծագործական դեմքի ձևավորմանը: Մ.Մալունցյանն իրականացրել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ գործերի պրեմիերաներ: Մեծ էր նրա դերը Հայաստանում եվրոպական դասական երկացանկի տարածման գործում: Մալունցյանը նվագախմբի հարթակը հաճախ է տրամադրել ականավոր դիրիժորներին: Նրա ղեկավարման երկու ժամանակահատվածներում ՀՊՖՆ-ի հետ ելույթներ են ունեցել բազմաթիվ անվանի մենակատարներ: Տեղի են ունեցել ՀՊՖՆ-ի հյուրախաղերը նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Մոսկվայում, Լենինգրադում, Մերձբալթյան հանրապետությունների, Ուկրաինայի և Անդրկովկասի քաղաքներում: