Դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտահասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1926-1927թթ.:
Հայաստանում սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Աթանասի (Ստեփանոս) Սպենդիարյանը ծնվել է Ուկրաինայի Խերսոն շրջանի Կախովկա գյուղում:
1985թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության բաժինը: Համալսարանական տարիներին ուսանել է ջութակ և նվագել ուսանողական նվագախմբում: Կոմպոզիցիայի տեսություն է սովորել Ն. Կլենովսկու մոտ Մոսկվայում 1892-1894թթ. և Ն. Ռիմսկի-Կորսակովի մոտ` Սանկտ Պետերբուրգում 1896-1900թթ.: Որոշ ժամանակ ապրել է Ղրիմում, որտեղ ծավալել է երաժշտական գործունեություն, ստեղծագործել է և զբաղվել դիրիժորությամբ:
1924թ. Սպենդիարյանը տեղափոխվեց Երևան: Այստեղ իր հեղինակային համերգն իրականացնելու համար նա կոնսերվատորիայի ռեկտոր Արշակ Ադամյանի աջակցությամբ կազմակերպեց դասատուներից և ուսանողներից կազմված 17 հոգուց բաղկացած նվագախումբ, որի` 1924թ. դեկտեմբերի 10-ին կայացած համերգն իրավացիորեն համարվում է Հայաստանում տեղական ուժերով կազմակերպված առաջին սիմֆոնիկ համերգը: Այս ելույթը խթան դարձավ ռեկտոր Արշակ Ադամյանի ուժերով Երևանի կոնսերվատորիայի մշտական գործող սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմանը: Սպենդիարյանը ղեկավարել է նորաստեղծ նվագախումբը մինչև 1926թ. Արշակի Ադամյանի հետ, իսկ հետագայում մենակ է ղեկավարել մինչև կյանքի ավարտը` 1928թ.:
Այս նվագախումբը, դուրս գալով ուսանողական շրջանակներից, դարձավ սիմֆոնիկ երաժշտության ակտիվ տարածողը Հայաստանում: Կոնսերվատորիայի նվագախմբի հիման վրա հետագայում կազմակերպվեցին Երևանի օպերային թատրոնի նվագախումբը և Հայաստանում գործող բոլոր սիմֆոնիկ նվագախմբերը:
Ալեքսանդր Սպենդիարյանը կարևորագույն դեր ունեցավ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրման, դրա գեղարվեստական սկզբունքների մշակման գործում: Նա հարստացրեց հայ երաժշտությունը գեղարվեստական նոր լուծումներով, թեմաներով, ժանրային բազմազանությամբ, արտահայտչամիջոցներով: Նա ազգային սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է: Սպենդիարյանի “Ղրիմյան էսքիզները” (երկու սյուիտ), “Երևանյան էտյուդները” և մյուս սիմֆոնիկ ստեղծագործությունները հայ դասական երաժշտարվեստի գոհարներն են: Իսկ “Ալմաստ” օպերան հայ դասական առաջին օպերաներից է: