Դիրիժոր, կոմպոզիտոր, գեղագետ, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1924-1926թթ.:
Դաշնամուրի և կոմպոզիցիայի դասեր է առել Բեռլինի` Շտերնի կոնսերվատորիայում (1904-1906թթ.): 1910թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության բաժինը: 1921-1924թթ. գլխավորել է Թբիլիսիի Հայարտունը (Հայ արվեստի տուն), իսկ 1924-1926թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը: Անգնահատելի էր նրա դերը Երևանի կոնսերվատորիայի մշտապես գործող սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպման գործում` դասատուների և ուսանողների մասնակցությամբ (1924-1925 ուս. տարի): Նվագախմբի ստեղծմանը խթան դարձավ Ա.Սպենդիարյանի հեղինակային համերգը (1925թ. դեկտեմբերի 10-ին), որի համար Ա.Ադամյանը տրամադրել էր 17 հոգուց կազմված կատարողական կազմ: Կոնսերվատորիայի նվագախմբի անդրանիկ համերգը Ա.Ադամյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ 1925թ. մարտի 20-ին: Նվագախմբի կանոնավոր գործունեության շնորհիվ Հայաստանում տարածվեց և արմատավորվեց սիմֆոնիկ երաժշտությունը:
1926-1936թթ. Ադամյանը եղել է Անդրկովկասյան կենտրոնական գործադիր խորհրդի գեղարվեստական խորհրդականը: 1936-1943թթ. նա Լենինգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտության բաժնի, ինչպես նաև Թատրոնի և երաժշտության ինստիտուտի դեկանն էր: 1944-1949թթ. եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ֆակուլտետի գիտքարտուղար: Տարբեր տարիների գեղագիտություն է դասավանդել Երևանի բուհերում: Ա.Ադամյանը միջազգային ճանաչման արժանացած գեղագիտական ուսումնասիրությունների հեղինակ է (“Գեղագիտական հայացքները միջնադարյան Հայաստանում” և այլ աշխատություններ):