Ա. Բրուքներ: Սիմֆոնիա թիվ 4 (Ռոմանտիկական), 1874թ., վերջին խմբ. 1880թ.
Առաջին կատարումը՝ 1881, Վիեննա, դիրիժոր՝ Հ. Ռիխտեր: Ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքները ինը սիմֆոնիաների հեղինակ է: Նա ստեղծագործում էր այն դարաշրջանում, երբ շատերը կասկածի տակ էին դնում սիմֆոնիկ ժանրի հեռանկարները: Բոլորի ուշադրությունն ուղղված էր Վագների երաժշտական դրամաներին: Բրուքները իրեն անվանելով Վագների կողմնակից, չէր գրում երաժշտական դրամաներ, այլ հաստատում էր սիմֆոնիայի իբրև ժանրի գոյությունը: Նրան չընդունեցին ոչ վագներականները և ոչ բրամսականները: Բրուքների սիմֆոնիաները տասնամյակներ շարունակ սպասում էին իրենց առաջին կատարմանը: Այս սիմֆոնիաները աչքի են ընկնում իրենց մեծ տևողությամբ (երբեմն 2 անգամ գերազանցելով սովորական սիմֆոնիաների տևողությունը): Երաժշտագետ Ի. Սոլերտինսկու դիպուկ արտահայտությամբ. «Այստեղ մեկտեղվում են բեթհովենյան սիմֆոնիաների կառուցողական սկզբունքները, Շուբերտին բնորոշ երգայնությունը և Վագների երաժշտությունից եկող հագեցած հարմոնիաները և գունեղ գործիքավորումը՝ պղնձյափողայինների գերակշռությամբ»: