Ֆրանց Շուբերտին իրավամբ անվանում են ռոմանտիկական սիմֆոնիայի հայր: Հենվելով Հայդնի, Մոցարտի և Բեթհովենի մշակած՝ դասական սիմֆոնիայի քառամաս կառույցին, Շուբերտը բացահայտեց միանգամայն նոր կերպարային և հուզական ոլորտ՝ կապված հարազատ Վիեննայի կենցաղում տարածված երաժշտական ժանրերի հետ (երգ, պար և քայլերգ): Այդ նորարարությունը արտահայտություն գտավ, մասնավորապես, թիվ 6 սիմֆոնիայում, որը կապող օղակ հանդիսացավ Շուբերտի ստեղծագործական վաղ և ուշ շրջանների միջև: Իր կարճատև կյանքի ընթացքում (31 տարի) Շուբերտը հնարավորություն չունեցավ գեթ մեկ անգամ լսել իր սիմֆոնիաները կենդանի կատարմամբ: