Սվետլանա Նավասարդյանը, «Հայ մեծ դաշնակահարուհին», ինչպես նրան անվանում է արտասահմանյան մամուլը, դափնեկիր է Շումանի, Բախի, Եղիսաբեթ թագուհու անվան և Սիդնեյի միջազգային մրցույթների: Պատահական չէ, որ նրա առջև շատ վաղ են բացվել աշխարհի ամենահեղինակավոր փառատոների և համերգասրահների դռները, ինչպիսիք են Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, Սիդնեյի Opera House, Բրյուսելի Palais des Beaux-Arts, Փարիզի Gaveau, Լայպցիգի Gewandhaus, Բուենոս Այրեսի Teatro Colon, Տոկիոյի Asahi Hall, Օսակայի Phoenix-Hall, Ստոկհոլմի Nybrokajen և այլք:
Դաշնակահարուհին համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 40 երկրներում, այդ թվում` ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Հունաստան, Ճապոնիա, Չինաստան, Ավստրալիա, Եգիպտոս, Քուվեյթ և այլն:
Սվետլանա Նավասարդյանի երաժշտական կարիերան լի է նաև անվանի երաժիշտների հետ համագործակցության բազմաթիվ դրվագներով` Եվգենի Սվետլանով, Վալերի Գերգիև, Վասիլի Սինայսկի, Կառլ Էտտի, Քրիստոֆեր Ուորեն-Գրին, Էլիսո Վիրսալաձե, Եվգենի Կիսին, Վլադիմիր Սպիվակով, Յուրի Բաշմետ և շատ ուրիշներ:
Սվետլանա Նավասարդյանի մեկնած երկերի ցանկը ներառում է դաշնամուրի և նվագախմբի համար գրված վաթսունից ավելի Կոնցերտ, այդ թվում` Բախի, Մոցարտի և Բեթհովենի բոլոր Կոնցերտները, մոնոգրաֆիկ մենանվագային ծրագրեր:
Մեծն Նոյհաուզի սկզբունքների հետնորդ երաժիշտը (աշակերտել է պրոֆեսորներ Յակով Զակին և Վաչե Ումր-Շատին), սերտորեն համագործակցում է Փարիզի Ecole Normale de Musique, Ստոկհոլմի Lille Academia, Էսսենի Hochschule für Musik, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի երաժշտական հեղինակավոր այլ հաստատությունների հետ:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրավիրյալ պրոֆեսոր է, վարպետության դասեր է վարում աշխարհով մեկ:
ՀՀ Ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը՝ ՀՀ կառավարական բարձրագույն պարգևի` «Մեսրոպ Մաշտոց» (2010) և Պատվո (2016) շքանշանակիր է, նաև՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի շնորհած, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ (2015):