Ծնվել է Երևանում 1978-ին:
Գերազանցությամբ ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ջութակի` պրոֆ. Սուրեն Հախնազարյանի դասարան և դիրիժորության բաժինը՝ պրոֆ. Էմին Խաչատրյանի դասարան: Կատարելագործվել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվ. կոնսերվատորիայում` լեգենդար պրոֆեսոր Իլյա Մուսինի մոտ: Մասնակցել է անվանի դիրիժոր Կուրտ Մազուրի վարպետության դասընթացին: 23 տարեկանում դարձել է Բաշկորտոստանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:
2010-12 եղել է Կոմի հանրապետության Օպերայի և բալետի պետական թատրոնի գլխավոր դիրիժորը: 2013-16 եղել է Հեռավոր Արևելքի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկարվարն ու գլխավոր դիրիժորը: Այս նվագախմբով հանդես է եկել Մարիինյան թատրոնում:
2016-ից հանդիսանում է Հարավ-Սախալինսկի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:
Հյուրախաղերով հանդես է եկել Ճապոնիայում, Ավստրիայում, Մալթայում, Սերբիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում և այլուր: Ղեկավարել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Յուրի Բաշմետի «Մոսկվայի մենակատարներ» կամերային և այլ նվագախմբեր:
Մասնակցել է մի շարք փառատոների. Վ. Գերգիևի Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» (2014), Էմիր Կուստուրիցայի Kunstendorfclassic (2019), Յուրի Բաշմետի Խաբարովսկի փառատոն (2014, 2015) և այլ փառատոներ:
Համագործակցել է հանրահայտ երաժիշտների հետ. Յուրի Բաշմետ, Եվգենի Դոգա, Զուրաբ Սոտկիլավա, Մակվալա Կասրաշվիլի, Մայուկո Կամիյու, Ալեքսանդր Չայկովսկի, Իգոր Ֆյոդորով և այլք:
Հեռավոր Արևելքում կազմակերպել է և ղեկավարել երեխաների և պատանիների «Էվտերպայի աստղեր» երաժշտական փառատոնը (2015, 2017, 2019):
Նարեկ Հախնազարյանի և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրել է «Ռուսական թավջութակի երաժշտության անթոլոգիա»-ն CD թողարկելու համար:
Որպես ժյուրիի անդամ մասնակցել է տարբեր երաժշտական մրցույթների: