Դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ Ժողովրդական արտիստ:
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր 1960-1965 և 1973թթ.:
Ծնվել և մեծացել է Երուսաղեմում: 1939-1945թթ. կոմպոզիցիա, դիրիժորություն և երգեհոն է ուսանել տեղի կոնսերվատորիայում: Կրթությունն ավարտել է Եվրոպայում Հ.Շերխենի, Ռ.Դեզորմիերի և Գ. Մարտինոնի ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել շուրջ 110 նվագախմբերի հետ: Որոշ ժամանակ աշխատել է Ավինյոնի և Քեյփթաունի օպերային և սիմֆոնիկ նվգախմբերի հետ: 1963-1968թթ. եղել է Լայպցիգի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարը և “Gewandhaus” նվագախմբի մշտական հրավրյալ դիրիժորը: Հայաստանում Օ. Դուրյանը տարբեր տարիների գլխավորել է ՀՊՖՆ-ը, ինչպես և իր հիմնած` Հայաստանի հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: Նա եղել է Երևանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:
Դուրյանը հեղինակ է “Կոմիտաս” երկու սիմֆոնիկ սյուիտների և այլ ստեղծագործությունների:
ՀՊՖՆ-ում աշխատելու տարիներին Օ.Դուրյանն իրագործեց հայ կոմպոզիտորների մի շարք նշանակալի սիմֆոնիաների պրեմիերաներ. Է.Միրզոյանի, Ջ. Տեր-Թադևոսյանի (թիվ 1 և թիվ 2), Կ.Օրբելյանի (թիվ 1), Ա.Աճեմյանի (թիվ 2), Գ.Եղիազարյանի (“Հրազդան”), կատարեց բազմաթիվ ձայնագրություններ: ՀՊՖՆ-ը ունեցավ հյուրախաղեր նախկին ԽՍՀՄ քաղաքներում: Որպես հրավիրյալ դիրիժոր Դուրյանը ԽՍՀՄ հանրապետություններում մշտապես պրոպագանդել է հայ կոմպոզիտորների գործերը: Նրա ղեկավարության օրոք ՀՊՖՆ-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում: