Օլլի Մուստոնենը ծնվել է Հելսինկիում: 5 տարեկանից սովորել է դաշնամուր, կլավեսին և կոմպոզիցիա: Որպես դաշնակահար կրթությունը ստացել է Ռալֆ Գոտոնիից և Էէրո Հայնոնենից, իսկ կոմպոզիցիա սովորել է Էինոյուհանի Ռաուտավաարայի մոտ:
Օլլի Մուստոնենը ուրույն տեղ է գրավում ժամանակակից երաժշտության ասպարեզում: Ռախմանինովի, Բուզոնիի և Էնեսկուի օրինակով Մուստոնենը ևս հավասարաչափ համատեղում է երաժշտական գործունեությունը որպես կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր, հաճախ այդ բոլորը մեկտեղելով մեկ համերգում:
2019-ին Մուստոնենը արժանացել է Հանաու քաղաքի Hindemith Prize-ին:
Իր 35-ամյա ստեղծագործական բեղուն տարիների ընթացքում Մուստոնենը որպես մենակատար, դիրիժոր, կամերային երաժիշտ և նվագախմբերի ընկերակցությամբ հանդես է եկել աշխարհի ամենահայտնի երաժշտական կենտրոններում:
Մուստոնենը ելույթներ է ունեցել անվանի երաժիշտների և նվագախմբերի հետ. Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Gewandhaus Orchestra, Նյու Յորքի և Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Քլիվլենդի նվագախմբի, Royal Concertgebouw Orkest-ի, Orchestre de Paris և Լոնդոնի բոլոր նվագախմբերի հետ:
Օլլի Մուստոնենը հաճախ է կատարում իր ստեղծագործությունները կամերային երաժշտության համերգներում: 2019-2020-ին կայացել են նրա երկու ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները՝ Taivaanvalot («Երկնային լույսեր») տենորի, թավջութակի և դաշնամուրի համար՝ Ամստերդամի Muziekgebouw-ում: Մուստոնենի լարային սեքստետը, որ պատվիրել է Բոննի Beethoven Festival-ը, առաջին անգամ կատարվել է 2020-ի փետրվարին:
Այս համերգաշրջանում նախատեսված են Մուստոնենի համերգները Իտալիայում՝ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկի հետ (դիրիժոր՝ Յու. Տեմիրկանով), հյուրախաղեր Հարավային Ամերիկայում, ելույթներ Auckland Philharmonia, Sapporo Symphony և Jerusalem Symphony նվագախմբերի հետ, ինչպես և մենահամերգներ Իտալիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Սինգապուրում և Ֆինլանդիայում:
Վերջին տարիներին Օլլի Մուստոնենը ղեկավարել է մի շարք մեծակտավ նվագախմբային ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ:
Որպես դիրիժոր Մուստոնենը համագործակցել է ֆիննական հիմնական նվագախմբերի, Deutsche Kammerphilharmonie, Camerata Salzburg, Verdi Symphony Orchestra Milan, NHK Symphony Tokyo, Queensland, West Australian Symphony, Royal Northern Sinfonia, Jerusalem Symphony, Atlanta Symphony, New Russia Symphony, Norwegian Chamber, Lucerne Symphony, Estonian National Symphony, Kyoto Symphony և այլ հայտնի նվագախմբերի հետ:
Մուստոնենը մշտապես համագործակցում է Ռոդիոն Շչեդրինի հետ, որը Մուստոնենին է նվիրել իր թիվ 5 Դաշնամուրի կոնցերտը և հրավիրել է մասնակցելու իր 70, 75 և 80-ամյա հոբելյանական երեկոներին: Մյուս նշանակալի համագործակցություններից է Վալերի Գերգիևի հետ ելույթները՝ Մարիինյան նվագախմբի, Լոնդոնի Սիմֆոնիկ նվագախմբի, Ռոտերդամի և Մյունխենի նվագախմբերի հետ:
Մուստոնենը հաճախ է հրավիրվում Սոչիի Ձմեռային միջազգային Արվեստի փառատոնին՝ հանդես գալու Յուրի Բաշմետի Մոսկվայի մենակատրներ և «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
Որպես մենակատար ելույթներ է ունեցել Վարշավայի Chopin Institute-ում, Պերմի «Դյագիլև» փառատոնում, Դրեզդենի փառատոնում, Բերկլիի Cal Performances-ում, Չիկագոյի Symphony Center-ում, Նյու Յորքի Zankel Hall-ում, Sydney Opera House-ում: Ավելի քան 30 տարի Մուստոնենը հանդես է գալիս դուետի կազմում թավջութակահար Սթիվեն Իսերլիսի հետ:
Լինելով Պրոկոֆևի երաժշտության գիտակ, Մուստոնենը ձայնագրել է կոմպոզիտորի բոլոր դաշնամուրային կոնցերտները Ֆիննական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Հաննու Լինտուի ղեկավարությամբ: Իրագործել է նաև Պրոկոֆևի բոլոր դաշնամուրային սոնատների կատարումը:
Որպես Բեթհովենի երաժշտության սիրահար Մուստոնենը կատարել և ղեկավարել է կոմպոզիտորի բոլոր կոնցերտները:
Նա ձայնագրություններ է կատարներ հայտնի ֆիրմաներում (Ondine, BIS, Hyperion, Decca), արժանանալով մի շարք մրցանակների. Edison Award, Gramophone Award և այլն: