Ծնվել է 1956-ին Երևանում` ՀՀ Ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Ամալյա Բայբուրդյանի ընտանիքում: Որպես դաշնակահար ավարտել է Երևանի Չայկովսկու անվ. ՄՄԵԴ-ը (պրոֆ. Վիլլի Սարգսյանի դասարան) և Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ. Միխայիլ Վոսկրեսենսկու դասարան): Նա Վիանա դա Մոտայի անվ. դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է (Լիսաբոն,1979, 2-րդ մրցանակ): Որպես դիրիժոր ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (պրոֆ. Իլյա Մուսինի դասարան): Այդ ժամանակից սկսվել են Վ. Պապյանի ընդգրկուն ծրագրերով ելույթները միջազգային հայտնի բեմահարթակներում (որպես դիրիժոր, մենակատար դաշնակահար և անսամբլիստ 50-ից ավելի հյուրախաղային այցեր Եվրոպա, Անգլիա, ԱՄՆ, Ռուսաստան, Սլովակիա, Ճապոնիա, Կորեա, Չինաստան, Հնդկաստան և այլուր): Իբրև գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վ. Պապյանը գլխավորել է Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը (1987-1989), Ղազախստանի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (2008-2013), Աշդոդի (Իսրայել) սիմֆոնիկ նվագախումբը (2006-ից մինչ այսօր): Աշխատակցել է հայտնի դիրիժորների (Վալերի Գերգիև, Միխայիլ Պլետնյով և ուրիշներ), երգիչների (Դմիտրի Խվորոստովսկի, Սումի Ջո և այլք), ջութակահարների (Գայ Բրաունշտեյն, Մաքսիմ Վենգերով և ուրիշներ) հետ: Վենգերովի հետ ելույթներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հեռավոր Արևելքում, ձայնագրություն կատարել EMI Classics ֆիրմայում: 1990-ից Վ. Պապյանն ապրում և ստեղծագործում է Իսրայելում: Նա դիրիժորություն և դաշնամուր է դասավանդում Թել Ավիվի Բուշման-Մեհտա երաժշտական դպրոցում և վարպետության դասընթացներ վարում Իտալիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում: Թել Ավիվի Սամուիլ Ռուբինի անվ. երաժշտական ակադեմիայում իրագործել է «Դոն Ժուան», «Կարմեն» և Նիլսենի «Սավուղը և Դավիդը» օպերաների բեմադրությունները: